Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներ կանցկացվեն Վաշինգտոնում


Վաշինգտոնի Ազգային մայր տաճարը
Վաշինգտոնի Ազգային մայր տաճարը

Պետական այրերից բացի, միջոցառումներին պատրաստվում են մասնակցել ԱՄՆ-ում բնակվող հազարավոր հայեր:

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին նվիրված խոշոր միջոցառումներ են նախատեսվում:

Մայիսի 7-ին Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում էկումենիկ աղոթքով կսկսվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին նվիրված միջոցառումները: Աղոթքին կմասնակցեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսները:

Հայաստանցի ու ամերիկացի պետական այրերից բացի, Ցեղասպանության հիշատակի միջոցառումներին պատրաստվում են մասնակցել Միացյալ Նահանգներում բնակվող հազարավոր հայեր: Նրանցից մեկն է Վաշինգտոնի մերձակայքում բնակվող Տիրուհի Ափիկյանը, ում հայրը՝ Հակոբ Ափիկյանը, Ցեղասպանությունից առաջ երգում էր հայկական եկեղեցում ու Կոմիտասի աշակերտներից մեկն էր:

«Հայրս մինչև կյանքի վերջ երգում էր Կոմիտասի երգերը՝ «Սուրբ, սուրբ»-ն ամենաշատն էր սիրում», - ասում է Տիրուհի Ափիկյանը:

Նա վերհիշում է, որ հայրն իրեն պատմում էր, թե ինչպես Ցեղասպանությունից հետո ամիսներ շարունակ որբացած հայ երեխաները յուրաքանչյուր կիրակի առավոտյան գալիս էին իրենց հարազատ հայկական եկեղեցին և լուռ նստում կողպված դռան առջև, քանի որ գնալու այլ տեղ չունեին:

Հայերի ջարդերի մասին պատմություններից հետո շատ բարդ է ուղղակի ներել Թուրքիային, նշում է Տիրուհի Ափիկյանը՝ ընդգծելով․ - «Պետք է Թուրքիան ինքն առաջին հերթին ինձնից ներողություն խնդրեր, որ ես էլ ներեի»:

Միջոցառումներն ավարտվելու են մայիսի 9-ին Անարատ Հղիության ազգային սրբավայր-դամբարանում Սուրբ Պատարագով, որն անցկացվելու է երկու կաթողիկոսների ներկայությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG