Մատչելիության հղումներ

Խորհրդարանը բուռն արձագանքեց Փոստանջյանի հեղինակած հայտարարության նախագծին


Խորհրդարանը բուռն արձագանքեց Փոստանջյանի հեղինակած հայտարարության նախագծին
please wait

No media source currently available

0:00 0:04:07 0:00

Խորհրդարանում բուռն անցավ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնած հայտարարության քննարկումը, որով Ազգային ժողովը կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախագծի քննարկումը բուռն էր անցել, սակայն հանձնաժողովը միաձայն դրական եզրակացությամբ լիագումար նիստի օրակարգ էր մտցրել նախագիծը: Փոստանջյանն ասում է՝ անհրաժեշտ է, որ 100-րդ տարելիցին ընդառաջ ԱԺ-ն նման հայտարարություն ընդունի:

«Հայտարարության մեջ ապագա քայլերի վերաբերյալ կան դրույթներ, որոնցից մեկը համահայկական հռչակագրի արժեվորումն է և ապագա պայքարը տանելն է»,- ասաց Փոստանջյանը։

Ազգային ժողովի հայտարարության այս նախագծում հենց համահայկական հռչակագրին վերաբերող հատվածը ամենամեծ քննարկումներն առաջացրեց։ Հայտարարության մեջ նշված է, որ Ազգային ժողովը ցեղասպանության ճանաչման կոչ է անում՝ արժեվորելով «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագրում» ամրագրված դրույթները:

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասում է սխալ է հռչակագրին հղում կատարելը.- «Մենք կարծում ենք, որ մեր երկրի անվտանգության համար պետք է, որ ցեղասպանությունը ճանաչվի, բայց հենց որ մենք պահանջատիրության ակնարկ ենք անում, մենք դառնում ենք այն երկրների, որոնք պիտի ճանաչեին, հակառակորդը։ Սկսվում են քաղաքական շահերը»։

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը խորհուրդ տվեց թեթև նայել հարցին.- «Արժեվորել բառը որևէ բան չի կրում։ Հիմա մենք ունենք Տիգրան Մեծի պողոտա, մենք արժեվորում ենք Տիգրան Մեծին, դրանով մենք պահանջո՞ւմ ենք Տիգրան Մեծի օրոք Հայաստանի սահմանները։ Ո՛չ»։

Էդուարդ Շարմազանովը հայտարարեց՝ հայտարարությունը անչափ կարևոր է և արդիական.- «Հարյուրերորդ տարելիցով մեր պայքարը չի ավարտվում, սկսվում է մեր պայքարի նոր փուլը»,- ասաց նա։

Հայտարարության նախագծի համահեղինակ դաշնակցական Արծվիկ Մինասյանը ասաց՝ իրենք կցանկանային ավելի ուժեղ փաստաթուղթ տեսնել, ներկա հայտարարությունը կոմպրոմիսի արդյունք է, իսկ պահանջատիրությունը և ճանաչման հարցը պետք է դրված լինի արտաքին քաղաքականության հիմքում։

«Մենք երբեք չենք կարող Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ստորադասել որևէ այլ հարցի։ Սա մեր պետականության, մեր ազգի ողնաշարն է, մեր անվտանգության հենասյունը»,- ասաց Մինասյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ միտք չուներ ելույթ ունենալ, քանի որ թվում էր, թե բուռն բանավեճերի տեղիք չպետք է տար այն նախագիծը, որ երախտագիտություն են հայտնում ցեղասպանությունը արդեն ճանաչած երկրներին և կոչ անում մյուսներին ևս ճանաչել:

«Այս հարցը մենք տանում ենք քննարկման բացարձակապես այլ տիրույթ և փորձում ենք ուղղակիորեն տանել հակադրությունների մի դաշտ, որը պատիվ չի բերում այստեղ նստած քաղաքական ուժերից որևէ մեկին»,- ասաց նա։

Խորհրդարանական հինգ խմբակցությունները հայտարարեցին, որ աշխարհի խորհրդարաններին Ցեղասպանության ճանաչման կոչ անող հայտարարությանը կողմ կքվեարկեն, թեև նրանցից որոշները վերապահումներ ունեին: Քվեարկությանը չմասնակցելու մասին հայտարարեց միայն Հայ ազգային կոնգրեսը։ Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց՝ չեն կարող արժեվորել Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթները։

«Մենք չենք ցանկանում մասնակցել մեր պետական հիմնարար շահերին վնասող այս փաստաթղթի ընդունմանը, ուստի չենք մասնակցի հայտարարության քվեարկությանը»,- ասաց Զուրաբյանը։

Լևոն Զուրաբյանին հակադարձեց Էդուարդ Շարմազանովը.- «Վերջին 500 տարում առաջին անգամ հայ ժողովուրդը մուրճով նույն մեխին է խփել, էլի մի բան պետք է գտնեինք, ասեինք՝ սա լավ չէ։ Գիտե՞ք ինչից է, որովհետև իրենք չեն արել»։

Փոստանջյանն ասաց՝ հայտարարությունը պետք է ընդունվի մինչև ապրիլի 24-ը, սակայն քանի որ խորհրդարանը հերթական նիստեր չունի, հորդորում է իր գործընկերներին արտահերթ նիստ հրավիրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG