Մատչելիության հղումներ

Միդլսեքսի հայազգի շերիֆը ամերիկահայերին զարթոնքի կոչ է հղում


ԱՄՆ-ի Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյան, արխիվ
ԱՄՆ-ի Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյան, արխիվ

«Ցեղասպանությունից 100 տարի անց դեռ խոսում ենք այդ փաստի ճանաչման մասին, փորձում ենք ազդել գործընթացի վրա դրսից, բայց ներսում մարդ չունենք», - ասում է Փիթեր Քութուջյանը։

Ամերիկահայերին զարթոնքի կոչ է հղում ԱՄՆ-ի Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանը, ում կարծիքով, հայ համայնքը բավարար չափով ներգրավված չէ Միացյալ Նահանգների քաղաքական գործընթացներում:

Միացյալ Նահանգներում բնակվող հայերին անհրաժեշտ է ակտիվորեն ներգրավվել ԱՄՆ-ի քաղաքական կյանքում, համոզված է Միացյալ Նահանգների խոշորագույն մարզերից մեկի՝ Միդլսեքսի շերիֆը: Նրա խոսքով, հայ երիտասարդները նախընտրում են դառնալ բժիշկ, իրավաբան կամ տնտեսագետ, սակայն որպեսզի համայնքը հաջողության հասնի, հայերին անհրաժեշտ է նաև լայնորեն ներկայացված լինել երկրի պետական կառույցներում։

«Այսօր մենք խոսում ենք Ցեղասպանության ճանաչման մասին։ 100 տարի անց դեռ խոսում ենք այդ փաստի ճանաչման մասին, որովհետև մենք փորձում ենք ազդել գործընթացի վրա դրսից և ներսում մարդ չունենք: Մեզ ներսում մարդիկ են անհրաժեշտ, ովքեր կփոխեն իրավիճակը», - ասում է Փիթեր Քութուջյանը՝ հավելելով, որ մեծ ներուժ է տեսնում ամերիկահայ երիտասարդների շրջանում, որոնցից շատերը ներգրավված էին իր նախընտրական քարոզարշավում։

«Ես տեսա այդ ձգտումը, այդ հետաքրքրությունը քարոզարշավին մասնակցող բազմաթիվ երիտասարդների աչքերում, և կարծում եմ՝ նրանցից շատերի հոգում զարթոնքի այդ սերմը կծաղկի, ու նրանք կհամալրեն պետական գործիչների շարքերը», - ասում է Քութուջյանը։

Մարաշի հայերի թոռ, Հարվարդի շրջանավարտ Փիթեր Քութուջյանի կարծիքով՝ ամերիկահայերը հաճախ չեն ցանկանում դուրս գալ իրենց շրջապատող հայ մշակույթից, լեզվից և ավանդույթներից, ինչը, մի կողմից, դրական է, քանի որ թույլ է տալիս պահպանել հայոց լեզուն և ավանդույթները, սակայն, մյուս կողմից, սահմանափակում է հայ համայնքի ազդեցությունը։

«Ես հայկական դպրոց եմ գնացել, իմ երեխաները նույնպես այցելում են Հայ կաթոլիկ եկեղեցու դպրոցը, սակայն մեզ անհրաժեշտ է նաև դուրս գալ այդ շրջանակներից, հակառակ դեպքում՝ մեզ երբեք չի հաջողվի ազդել նաև հայ համայնքից դուրս գտնվող մարդկանց վրա», - ասում է Միդլսեքսի շերիֆը։

Քութուջյանը հիշեցնում է, որ բազմաթիվ ազդեցիկ մարդիկ հայ ժողովրդին աջակցություն են ցուցաբերել, որովհետև հայերին ճանաչել են դպրոցական տարիներին, նրանց հետ համալսարանում սովորելիս հանրակացարանի նույն սենյակում են ապրել կամ բիզնես գործընկերներ են եղել։

«Մեր հայկական արմատները պահպանելով հանդերձ՝ մեզ անհրաժեշտ է դուրս գալ դրա շրջանակներից՝ աշխարհի վրա մեր ազդեցությունն ավելացնելու նպատակով», - ասում է Քութուջյանը։

Որպես համագործակցության օրինակ՝ Փիթեր Քութուջյանը հիշատակում է Բոստոնի սրտում գտնվող Հայկական ժառանգության պուրակը, որի կառուցման դեմ էին բազմաթիվ ազդեցիկ մարդիկ, որը, սակայն, կառուցվեց սենատոր Քենեդիի, Բոստոնի քաղաքապետի և այլ գործիչների հետ դրական համագործակցության շնորհիվ, և որն իր մեջ միավորեց ոչ միայն հայերին, այլև համընդհանուր արժեքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG