Ապրիլի 15-ին Գյումրիում արդեն 7-րդ անգամ կմեկնարկի երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը, որն այս տարի նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Մեկ ամսից ավելի 36 երկրներից հայտեր ներկայացրած շուրջ 700 պատանի և երիտասարդ երաժիշտներ, ինչպես նաև Հայաստանի, Արցախի ու Ջավախքի ներկայացուցիչները կվիճարկեն փառատոնի մրցանակները:
«Վերածնունդ» մրցույթ-փառատոնն անցկացվում է 14 անվանակարգերում՝ դաշնամուր, լարային, փողային և ժողովրդական գործիքներ, ակադեմիական երգեցողություն, երգչախմբային երգեցողություն և այլն: Ժյուրիի կազմում ընդգրկված են 85 հանրաճանաչ արվեստագետներ աշխարհի 20 երկրներից:
Ինչպես նախորդ տարիներին, փառատոնի շրջանակներում մրցույթից դուրս հանդես կգան արտասահմանցի մի շարք հանրաճանաչ երաժիշտներ՝ մենահամերգներով, մեր սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի հետ:
Արդեն 7-րդ տարին Գյումրին մեկ ամսով միջազգային մշակութային կենտրոնի է վերածվում: Այս տարի փառատոնի առաջին իսկ օրերից նրանց կմիանան նաև հայտնի գիտնականներ․ առաջին 3 օրերին «Մշակութային երկխոսություն» խորագրի ներքո կանցկացվի միջազգային գիտաժողով՝ նվիրված Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին:
Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, փառատոնի հիմնադիր և համանախագահ Կարինե Ավդալյանը այսօր հրավիրված ասուլիսում հիշեցրեց, որ 2007 թվականին առաջին փառատոնն ուներ ընդամենը 400 մասնակից, իսկ այս տարի նրանց թիվը հասել է 2500-ի:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասաց, որ «Վերածնունդ» փառատոնը տարիներ շարունակ մեզ հպարտություն է պարգևում․ - «Մեր դաշտում կայացած մի փառատոն, որի անվանումը միգուցե տարիներ առաջ այլ ձևով էր ընկալվում և լրիվ այլ ձևով է ընկալվում այս տարի՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, երբ մենք այլ ձևով ենք մեկնաբանում «վերածնունդ» հասկացությունը, այլ բովանդակություն ենք դնում դրա մեջ»:
Փառատոնի հիմնադիր «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջամբարջին շեշտեց, որ տարեցտարի ընդլայնվում է փառատոնի միջազգային ճանաչումը․ - «Անցած տարի մեր փառատոնին մասնակցած էին 33 երկրներ, այս տարի՝ 36: Միջազգայինորեն ավելի ճանաչված է: Եվ մենք ուրախ ենք, որ այս աճը միշտ կա և պիտի լինի»: