Մատչելիության հղումներ

Քոչարյանը հերքում է, թե ստվերային պայմանավորվածություն է ունեցել ԲՀԿ-ի հետ


Քոչարյանը հերքում է, թե ստվերային պայմանավորվածություն է ունեցել ԲՀԿ-ի հետ
please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00

Նախկին նախագահը շարունակում է քննադատել սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը:

Միամտություն է կարծելը, թե խորհրդարանական մոդելն ինքնաբերաբար բերելու է ժողովրդավարական և մրցակցային կուսակցական միջավայրի առաջացմանը, հայտարարում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ կանխատեսելով, թե շատ ավելի հավանական է, որ կառավարման խորհրդարանական համակարգն ահագնացնի «Հայաստանում արմատավորված ու նրա դժբախտություններից մեկը հանդիսացող հովանավորչական կառավարումը»:

Իր ոչ պաշտոնական կայքին տված հերթական հարցազրույցում նախկին նախագահը դարձյալ քննադատում է Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները՝ ընդգծելով, որ դրանց իմաստը չի տեսնում ու վստահ է, թե Հայաստանի ներկա խնդիրները կապված չեն գործող Սահմանադրության հետ, առավել ևս՝ պետական կառավարման ձևի հետ:

«Երկիրը անհաջող կամ էլ հաջողությամբ կարելի է կառավարել ինչպես նախագահի, այնպես էլ՝ վարչապետի աշխատասենյակից», - ասում է Ռոբերտ Քոչարյանը՝ միաժամանակ պնդելով, որ խորհրդարանական երկրների հաջողության պարտադիր պայմանն է կայացած կուսակցական համակարգը՝ ներկուսակցական արդյունավետ ժողովրդավարությամբ, կուսակցական ղեկավարության ու ռազմավարության նորացմանը բերող ներկուսակցական պայքարով:

«Ձեզ հայտնի՞ են այդպիսի կուսակցություններ Հայաստանում», -հարցնում է Քոչարյանն ու պատասխանում իր հարցին․ - «Մեզանում նույնիսկ քաղաքական բանավեճի մակարդակն է ափսոսանքի աստիճանի պրիմիտիվ»:

Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հակադարձում է՝ մեկը չէ, այդպիսի մի քանի կուսակցություն կա: Քոչարյանի քննադատությունը չի փոխի իշխող ուժի ծրագրերը՝ բարեփոխել Սահմանադրությունը․- «Մնում ենք մեր կարծիքին՝ անկախ Ձեր նշած հարգարժան անձի կարծիքներից: Հասարակությունը կորոշի հանրաքվեի ժամանակ»:

Այսօրվա հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հերքում է, թե ստվերային պայմանավորվածություններ է ունեցել «Բարգավաճ Հայաստան»-ի հետ, պնդում է, որ չէր կարող համագործակցել եռյակի հետ, ասում է՝ միանգամայն հասկանալի պատճառներով, չակերտներ, սակայն, չբացելով: Նախկին նախագահը հայտարարում է, թե եռյակը չէր էլ կարող լինել, եթե «Բարգավաճ Հայաստան»-ը սպասարկեր իր շահերը:

«Բարգավաճ Հայաստան»-ի կազմաքանդումն, իհարկե, թեթևացրեց իշխանությունների կյանքը», - ասում է երկրորդ նախագահը՝ փաստելով, սակայն, որ դրանով հանդերձ՝ երկրում ուժեղացավ քաղաքական մենաշնորհը, խնդիրները մնացին, ինչպես որ կային, կամ էլ ավելի խորացան:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը միայն մի մասով արձագանքեց Քոչարյանին՝ իրենց կուսակցությունը չի կազմաքանդվել․ - «Իհարկե «Բարգավաճ Հայաստան»-ը ծանր օրեր ապրեց: Որ ասենք, որ որևէ բան տեղի չի ունեցել, դա ճիշտ չի լինի: Ես որևէ հանդիպում չեմ ունեցել երկրորդ նախագահի հետ: Ես ԲՀԿ-ի հիմնադիրներից եմ, չէ՞, գոնե դեմք եմ, բայց դա չի նշանակում, որ ինքը իրա կարծիքը չպետք ա հայտնի»:

Երկրի վիճակի մասին իր վատատեսական գնահատականները Ռոբերտ Քոչարյանը հիմնավորում է տնտեսական ցուցանիշներով՝ վկայակոչելով արտաքին պարտքի շարունակական աճը, անգամ երկրի սնանկացման սպառնալիքներ է տեսնում:

«Պարտքերի մեջ թաղվելն ամենևին ելք չէ», - ասում է պաշտոնաթող նախագահը՝ պնդելով, թե «տնտեսական վիճակի արմատական փոփոխմանն ուղղված որևէ գործուն քայլ չի կատարվում»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինքն էլ մտահոգություններ ունի, բայց այս վիճակը միայն իր կառավարության հետ չի կապում․ - «Տարածաշրջանի, բաև՝ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների, որը, համոզված եմ, որ մենք ապագայում տարվա կեսից կունենանք լուրջ ծրագրեր, որ կիրականացվի, տնտեսության ակտիվացում կնկատվի և դա կբերի նաև տնտեսական աճի»:

Համաձայնելով երկրի վիճակի մասին Քոչարյանի գնահատականների հետ, ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես»- խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երկրորդ նախագահին իր պաշտոնավարման տարիները հիշեցրեց․ - «Մինչև 1998 թիվը չեն եղել, չի եղել ներկրող օլիգարխների սպասարկում․․․ Չե՞նք ունեցել մենք նման քաղաքականություն»:

Իր ոչ պաշտոնական կայքին Ռոբերտ Քոչարյանն ասում է նաև, որ վատացել են հայ-թուրքական հարաբերությունները: Քննադատելով Սերժ Սարգսյանի օրոք ստորագրված, իր ձևակերպմամբ, «մեռելածին» արձանագրությունները՝ երկրորդ նախագահն անուղղակի հակադարձում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ում համոզմամբ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չպետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնաքարը:

«Ցեղասպանության ճանաչման թեման այսօր պետք է դիտարկել մեր անվտանգության ընդհանուր և միասնական համատեքստում», - ասում է Քոչարյանը:

«Երբ Ռոբերտ Քոչարյանը, մերժելով մեր որդեգրած քաղաքականությունը, առաջին անգամ Ցեղասպանության ճանաչման հարցը դարձրեց պետական արտաքին քաղաքականության առարկա, դրա բացասական հետևանքները անմիջական էին: Չմոռանանք, որ պրոտոկոլները, որ ստորագրված էին Սերժ Սարգսյանի կողմից, այսպես կոչված, Ցյուրիխյան ուրացումը, դա հետևանք է հենց այն քաղաքականության, որը որդեգրվեց 1998 թվականին», - ասաց Լևոն Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG