Ոչ ոք չի ուզում, որ հակամարտությունը Ղարաբաղում անցնի տաք փուլի, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում:
«Մտքներովս էլ չենք անցկացնի, թե հակամարտությունը կտեղափոխվի տաք փուլ: Համոզված եմ, որ չնայած հռետորությանը՝ շահագրգիռ կողմերից ոչ մեկը դա չի ուզում», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը:
«Բոլոր գործողությունները ուղղված են հնարավորինս շուտ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելուն», - նշել է նա, հավելելով, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ Հայաստանի և Ադրբեջանի համար փոխադարձաբար ընդունելի հիմքի վրա կարգավորման պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
«Մենք գնահատականներ փոխանակեցինք Անդրկովկասում իրավիճակի վերաբերյալ, ներառյալ՝ ղարաբաղյան կարգավորման պրոբլեմատիկան», - հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպման մասին տեղեկացրել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Նալբանդյանը նույնպես շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում բանակցություններին այլընտրանք չկա:
«Ադրբեջանը մինչ օրս մերժում է Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման էության, և՛ վստահության միջոցների ամրապնդման առնչությամբ, բայց բանակցություններին այլընտրանք չկա», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:
«Հայաստանը մեր դաշնակիցն է: Մենք գնահատում ենք հարաբերությունները, որ դարերի խորքն են գնում, ամրապնդված են մեր ժողովուրդների պատմական, մշակութային և հոգևոր մերձությամբ: Այդ հարաբերությունները որակական նոր մակարդակի են բարձրացել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված», - ընդգծել է Լավրովը:
Նախարարները կարևորել են նաև երկու երկրների միջև համագործակցության իրավապայմանագրային բազայի կատարելագործումը, առևտրատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում գործադրվող ջանքերը:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը «վատ չէ»՝ 2014 թվականի արդյունքներով կազմել է 1․4 միլիարդ դոլար և շարունակում է աճել: «Լավ է զարգանում փոխգործողությունը վառելիքաէներգետիկ ոլորտում, ներդրումների բնագավառում, բանկային ոլորտում», - ասել է նա՝ հայտնելով նաև, որ ծրագրվում է համագործակցություն Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում Ռուսաստանի կողմից ֆինանսական օժանդակության հատկացման բնագավառում:
Նալբանդյանը, իր հերթին, նշել է Ռուսաստանի հետ տնտեսական կապերի բարձր մակարդակը:
Ասուլիսի ժամանակ հայտարարվել է, որ առաջիկայում Հայաստան է ժամանելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Թեև կոնկրետ ժամկետ չի նշվել, սակայն Հայաստանի արտգործնախարարը ասել է, որ այցը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում է: Նալբանդյանը նաև հույս է հայտնել, որ բացի այդ՝ Հայաստանի և Ռուսաստանի նախագահները կհանդիպեն մայիսին Մոսկվայում․ խոսքը մայիսի 8-9-ի մասին է, երբ Ռուսաստանի մայրաքաղաքում ծրագրված են Մեծ հայրենականում հաղթանակի 70-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ:
Հայաստանցի լրագրողի հարցին՝ արդյոք պատրա՞ստ է Ռուսաստանը կատարել իր պարտավորությունները, եթե Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունները անցնեն լայնածավալ պատերազմական գործողությունների, քանի որ այսօր Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցնում ոչ միայն Ղարաբաղի, այլև հենց Հայաստանի հասցեին, Լավրովը պատասխանել է, որ բոլոր պարտավորությունները արձանագրված են Հավաքական անվտանգության պայմանագրում, և այդ պայմանագրում նշված են բոլոր այն կետերը, որոնց դեպքում են կատարվելու այդ պարտավորությունները:
Ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության լրագրողը Նալբանդյանին խնդրել է մեկնաբանել այն փաստը, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, շարունակում է բանակցությունները Եվրամիության հետ: Հայաստանի արտգործնախարարը ընդգծել է, թե սա պաշտոնական Երևանի դիրքորոշումն է և պարզ դիրքորոշում է, որ Հայաստանը այսուհետ ևս շարունակելու է բանակցությունները Եվրամիության հետ, խորացնելու է հարաբերությունները Եվրամիության հետ բոլոր ոլորտներում` պարզապես հաշվի առնելով այն պարտավորությունները, որ երկիրը ստանձնել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելիս: