Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչ Իլյա Պոնոմարյովին երեկ Պետդումայի ձայների 438 կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ զրկեցին անձեռնմխելիությունից։
Ավելի վաղ Ռուսաստանի գլխավոր դատախազը պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել խորհրդարան՝ պնդելով, թե բավարար հիմքեր կան նրան ձերբակալելու համար։
Պատգամավորը հնարավորություն չի ունեցել Պետդումայում ներկայացնել դիրքորոշում՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ։ Նա Միացյալ Նահանգներում է և լրատվամիջոցներին փոխանցել է, որ Ռուսաստան վերադառնալու հարցը պայմանավորված է քրեական գործի զարգացումներով։
Իլյա Պոնոմարյովն իր նկատմամբ հետապնդումների հիմքում քաղաքական ենթատեքստ է տեսնում և, ըստ ռուսական լրատվամիջոցների, պնդում է, որ այն, ինչ անում են քննչական մարմիններն իր դեմ, զուրկ է իրավական հիմնավորումներից։
Մայիսին Ռուսաստանի քննչական կոմիտեն հաղորդել էր, թե հարուցել է քրեական գործ, որի հիմքում տվյալներն են, ըստ որոնց՝ «Սկոլկովո» կազմակերպության փոխնախագահ Ալեքսեյ Բերդյուկովն ապօրինաբար 750 հազար դոլար է տրամադրել պատգամավորին՝ մսխելով հիմնադրամի գումարները, և, ըստ քննիչների, Բերդյուկովը թաքցրել է այդ արարքը՝ համաձայնության գալով պատգամավորի հետ։
«Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության ներկայացուցիչ Միխայիլ Եմելյանովն ավելի վաղ հայտարարել էր, որ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտությունը կապված է նրա, այսպես ասած, հակառուսական գործունեության հետ։
Պոնոմարյովը պատգամավոր դառնալուց հետո մի շարք հարցերում չէր կիսում «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության քաղաքական կողմնորոշումները։ Նա, մասնավորապես, պարբերաբար մասնակցում էր ընդդիմության բողոքի ակցիաներին։ Նրա նկատմամբ հատուկ վերաբերմունք ձևավորվեց հատկապես Ղրիմի բռնակցման Ռուսաստանի որոշմանն ընդդիմանալու հետևանքով։
2013 թվականին Պոնոմարյովը լքել էր «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունը, սակայն շարունակում էր մնալ խորհրդարանական խմբակցությունում։ Խմբակցության ղեկավարը Պոնոմարյովից բազմիցս պահանջել էր հրաժարվել մանդատից, սակայն նա դա չէր անում։