Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Մայրության, գեղեցկության և սիրո տոնը


«Մեր մայրերն են մեր ժողովրդի հավերժության առաջին երաշխավորը», - իր ուղերձում շեշտում է Հայաստանի նախագահը:

Հայաստանը այսօր նշում է Մայրության, գեղեցկության և սիրո տոնը:

Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Մոր նկատմամբ սիրո և երախտագիտության դրսևորումները համաշխարհային, ինչպես նաև հայկական արվեստի ու մշակույթի անբաժանելի և կարևոր մասն են», - ասված է, մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում, որը հրապարակել է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Առողջ, կիրթ և հայրենասեր սերնդի դաստիարակությունն առաջին հերթին և արդարացիորեն գնահատվում է որպես հայ մայրերի արժանիք և սխրանք: Այդ սխրանքի վկան էինք մենք 100 տարի առաջ, երբ հայ մայրերը աքսորի ճանապարհին, անապատի ավազների վրա գրելով, մաշտոցյան այբուբեն էին ուսուցանում իրենց զավակներին՝ հավատալով իրենց և մեր փրկությանն ու վերապրումին: Այսօր մենք մեծարում ենք մեր մայրերին. նրանք են մեր ժողովրդի հավերժության առաջին երաշխավորը», - իր ուղերձում գրում է նախագահը:

Սերժ Սարգսյանը շեշտում է, որ «ամենևին էլ պատահական չէ, որ այս տարի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին են արժանացել ցեղասպանության ենթարկված հայ կանայք` ի դեմս այսօր էլ իրենց ընտանիքներին մայրության ջերմությունը պարգևող և տոկունության օրինակ ծառայող մեր քսան վերապրած հայրենակցուհիների»:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Սուրբ Աստվածածնի բարի օրինակով, հոգևոր ու բարոյական բարձր արժեքներով սիրասուն մեր մայրերն ու քույրերը կրթում և մեծացնում են աստվածասեր ու հայրենասեր զավակներ և նվիրական ու ազնիվ ջանքեր բերում հայրենի մեր երկրի և ազգային-եկեղեցական մեր կյանքի առաջընթացին ու պայծառությանը: Մայրությանը նվիրված այս տոնը գեղեցիկ առիթ է բոլոր զավակների համար` երախտալից սրտով վերստին նորոգելու մայրերի հանդեպ իրենց սերն ու նվիրումը և անշեղորեն քայլելու մայրական խրատներով զարդարված ու լուսավորված ճանապարհներով, քանզի սուրբգրային խոսքի համաձայն` մոր խրատն ու պատվիրանը շնորհի պսակ են մարդու գլխին և ոսկի մանյակ` պարանոցին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG