Մատչելիության հղումներ

Հերմինե Նաղդալյանը մեկնաբանում է ՀՀԿ-ական տիկնանց երթը


Հերմինե Նաղդալյանը մեկնաբանում է ՀՀԿ-ական տիկնանց երթը
please wait

No media source currently available

0:00 0:05:00 0:00

Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպված որոշ միջոցառումներ ազգագրագետ Սմբատ Հակոբյանին «դպրոցական Ծաղկազարդ» հանդես են հիշեցնում: Նրա կարծիքով՝ ձևական միջոցառումների վրա կենտրոնանալու փոխարեն ճիշտ կլիներ պահպանել պահանաջատիրոջ դիմագիծը։

«Ծիսականությունն է շատանում, բայց զոհի բարդույթը էլի մնում է։ Ավելի կարևոր է՝ մենք այնքան ուժեղ լինենք, որ աշխարհի առջև պահանջ ներկայացնենք։ Բայց մենք նույնիսկ չենք էլ խնդրում, մենք աղաչում ենք»,- ասում է Հակոբյանը։

Ձևական միջոցառումների շարքում ազգագրագետը նշում է հանրապետական 3000-ից ավելի կանանց երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը համացանում բուռն քննադատության արժանացավ: Տարածված լուսանկարներում երևում է, թե ինչպես են ՀՀԿ-ական տիկնայք ժպիտով ծաղիկներ ծածանում օդում ու միմյանց հետ լուսանկարվում:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը նրանց չի քննադատում ժպտալու համար, բայց կարծում է՝ ծածանվող ծաղիկների փոխարեն պետք է պահանջատիրական գրություններով պաստառներ լինեին, տրամադրությունն էլ՝ համահունչ օրվա խորհրդին:

«Իրենք ճիշտ հակառակ երթը արեցին, հեղինակազրկեցին մեր պահանջատիրությունը։ Ես տեսա մի տրամադրություն, որը անհամատեղելի է օրվա խորհրդի և երթի գաղափարախոսության հետ»,- ասում է Բախշյանը։

«Գերեզմանի մոտ ժպտալով չեն լուսանկարվում, իսկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նաև գերեզմանոց կարելի է համարել»,-ասում է ազգագրագետ Սմբատ Հակոբյանը՝ հավելելով՝ հանրությունն այսքան բուռն չէր արձագանքի, եթե իշխող կուսակցության կանանց փոխարեն լինեին ուրիշները։ Նաև սա հաշվի առնելով՝ կանայք պետք է առավել զուսպ լինեին։

«Քանի որ շատ ժամանակ է անցել [ցեղասպանությունից], և անձնական չէ, մարդկանց մոտ չկա այդ մոտեցում, որ ավելի լուրջ, զսպված լինեն, ինչը հարիր է հիշատակի ծեսերին։ Դրա համար միգուցե տոնական ստացվեց, մի փոքր զվարթ ստացվեց»,- նկատում է ազգագրագետը։

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն, այսօր հակադարձելով իրենց հասցեին հնչող մեղադրանքներին, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ սրբություն չունեն նրանք, ովքեր գրում են, թե իրենք Ծիծեռնակաբերդում զվարճացել են։ Նաղդալյանը հավելեց, թե հարկ չի համարում անգամ հերքել այդ մեկնաբանությունները:

«Էդ մարդկանց, ովքեր էդպես են ասում, մենակ մի հարց եմ տալիս՝ դուք կգնայի՞ք Ցեղասպանության հուշահամալիր զվարճանալու, որ գրում եք: Լուսանկարների մեջ կան կանայք, որոնք ժպտում են, որովհետև ուրախ էին, որ միահամուռ, մի կոչով հավաքվել են իրենց հոգու պարտքը, իրենց համար հաճելի և աստվածահաճո մի գործ անելու», - ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Ինչո՞ւ էր լուսանկարներում Նաղդալյանը ժպտում.- «Ուրախ էի, որ իրենց հոգսերը թողած, կոչիս միացան 3000-ից ավելի կանայք՝ հեռավոր մարզերից»,- ասում է նա։ Նաղդալյանի խոսքով՝ ի նշան միասնականության, կանայք, վեր բարձրացրած ծաղիկներով, որոշել էին «ալիք անել»։

«Իսկ որ էդտեղ ժպտալով լուսանկարներ կան, իհարկե, կան: 3500 մարդ կանգնած էր այդտեղ, մարդիկ դեռ գալիս էին, միանում էին, բայց էդ մարդիկ նաև հոգնում էին: Եվ որպեսզի իրենց էդ միահամուռությունը, միասնականությունը ինչ-որ մի ձևով ցույց տանք, ասեցինք՝ մի հատ ծաղիկները բարձրացնենք, ծաղիկներով ալիք անենք: Ի՞նչ կա դրա մեջ: Հանցանքը ո՞րն է, ասե՛ք», - ասաց Հերմինե Նաղդալյանը:

Բախշյանի տեղեկություններով՝ կանայք բնավ էլ Նաղդալյանի կոչով չէին հավաքվել հուշահամալիրում։ Նրա պնդմամբ՝ ՀՀԿ կանանց խորհրդի հրահանգն է եղել, որ յուրաքանչյուր դպրոցից 12-ական ներկայացուցիչ այդ երթին ներկա լինի։ Զուգահեռներ տանելով Ծիծեռնակաբերդում պատվո պահակ կանգնող աշակերտների և ՀՀԿ-ական տիկնանց միջև, Բախշյանն ասաց՝ թեպետ դեմ է խորհրդային տարիները հիշեցնող այդ երևույթին, բայց իր տպավորությամբ աշակերտներն ավելի լավ են գիտակցում, թե որտեղ են գտնվում։

«Պատվո պահակ գաղափարը և երևույթը խորհրդային վատ հիշողություններ է իմ մեջ արթնացնում, և չեմ ուզում դրանց մասին հիշել, որովհետև զզվում էի Լենինի դամբարանի, Լենինի չգիտեմ ինչի մոտ... բայց երբ տեսա այդ երեխաների դեմքերը, զգաստությունը ես հավատացի այդ երեխաներին»,- ասում է նա։

Հերմինե Նաղդալյանն էլ զարմանում է՝ ինչո՞ւ իրենց լուսանկարների փոխարեն համացանցում չտարածվեց աշխարհի մայրերին ու կանանց ուղղված ՀՀԿ-ական տիկնանց կոչը.- «Մենք հավատում ենք, որ աշխարհի մայրերը և կանայք կարող են միավորվել ու հավատալ, որ իրենց միավորման ու պայքարի արդյունքում այլևս երբեք աշխարհի ոչ մի երկրում ցեղասպանություն չի լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG