Մատչելիության հղումներ

Հաշմանդամ դարձած օդաչուները դեռ սպասում են վնասի փոխհատուցմանը


Հաշմանդամ դարձած օդաչուները դեռ սպասում են վնասի փոխհատուցմանը
please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00

Վանիկ Մայիլյանը մի քանի հիվանդություն և երկրորդ կարգի հաշմանդամություն է ձեռք բերել «Հայկական ավիաուղիներում» աշխատելու տարիներին։ Արդեն 9 տարի է, սակայն, նա չի կարողանում վնասի փոխհատուցում ստանալ։ «Հայկական ավիաուղիները» 2006 թվականին լուծարվել է, իսկ կառավարությունը, չնայած ստանձնած պարտավորությանը, վճարումներ չի կատարում։

«10 տարի էպիլեպսիա եմ բուժել, հիշողությունս կորցրել եմ, գլխապտույտ ունեմ, 2-րդ կարգի հաշմանդամ եմ դարձել։ Պետությունը պարտավոր է տեր կանգնի ու վճարի այն մարդկանց՝ օդաչուներին կամ ավիատեխնիկներին, ավիաինժեներներին, ովքեր պետական առաջադրանք կատարելով՝ տարիների ընթացքում հաշմանդամ են դարձել»,- ասում է Մայիլյանը։

Մաիլյանի՝ 25 հազար դրամ թոշակը նույնիսկ դեղերին չի բավականացնում։ Հինգ հոգանոց ընտանիքում որևէ մեկը չի աշխատում, և տղան ստիպված մեկնել է արտագնա աշխատանքի։ Կինը՝ Անահիտ Մաիլյանը պատմում է, որ դիմել են հնարավոր բոլոր ատյաններին և խոստումներ ստացել գումարի փոխարեն։ Այս տարիների ընթացքում միայն մի ճամպրուկ թուղթ ենք հավաքել, ասում է նա։

«Պառկած վիճակում էլ ուշքն ու միտքը էնտեղ է, հույս ունի, որ պետք է էսօր տան, վաղը տան։ Ընկերներն էլ, որ մեկ-մեկ զանգում էին՝ բա արդեն հույս ունենք, արդեն լավ կլինի, հողերը պիտի ծախեն, թոշակները տան, բայց երևի գրված էր սառույցի վրա, ուրիշ ոչ մի հույս ոչ մի տեղից»,- ասում է կինը։

Սնանակության գործերով զբաղվող կառավարման կոլեգիան «Հայկական ավիաուղիներին» պատկանող հողատարածքի վաճառքից ստացված հասույթից պետք է փոխհատուցեր օդաչուների և աշխատակիցների գումարը։ Մինչդեռ 11 հեկտար հողատարածքն արդեն 9 տարի է՝ գնորդ չունի։ Կոլեգիայից «Ազատությանը» հայտնեցին, որ կառավարիչը երկրում չէ, իսկ վաճառքի գործընթացն այս պահին դադարեցված է՝ գնորդ չունենալու պատճառով։

Պարբերաբար բողոքի ցույցերով կառավարության շենքի առջև հավաքվող հաշմանդամ օդաչուները, սակայն, պատմում են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հանձնարարել է խնդիրը շուտափույթ լուծել և անգամ թոշակների վճարման հստակ ժամկետ էր նշել։

«Խոստացավ, որ մարտին կգաք, դուք ձեր գումարը կստանաք, կոնկրետ խոսք տվեց, հիմա ոչ մի նորություն չունենք։ Վերջիվերջո հաշմանդամ մարդիկ են»։

Նախկին օդաչուների ցույցերին մասնակցում են նաև Իրանում 2001 թվականին վթարված ՅԱԿ-40 օդանավի զոհված անձնակազմի ընտանիքի անդամները։ Նրանց նույնպես տարիներ շարունակ փոխհատուցում չի վճարվում։

«Էկիպաժի 5 անդամները զոհվեցին, տղաս անդամ էր, էդ ժամանակ որոշեցին օրենքով կերակրողին կորցնելու նպաստ նշանակել։ Մինչև 2008 թիվը էլի բողոքներով վճարել են, 2008 թվից հետո չեն վճարում»։

«Արդեն 88 ամիս չորս երեխեքը չեն ստանում իրանց հոր հասանելիք գումարը։ Երեք ուսանող, մի դպրոցական, էդ չորս երեխեքին ո՞նց մեծացնեմ, ասեք»։

«Հայկական ավիաուղիները» աշխատակիցներին պարտքը է 1 միլիարդ 400 միլիոն դրամ։ Հաշմանդամություն ձեռք բերած 130 աշխատողների կեսն այս տարիների ընթացքում մահացել է։ Մյուսներն էլ երիտասարդ չեն՝ 70-80 տարեկան։ Չնայած տարիքին ու հիվանդություններին՝ նախկին օդաչուները որոշել են կառավարության շենքի մոտ ամենօրյա ցույցեր անցկացնել։

«Մնացել ենք 65-ս։ Մյուսները մահացել են։ Ես հիմա 80 տարեկան եմ ու չգիտեմ, թե ինչքան կապրեմ։ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ նրան դիմել են այս հարցով, ասել էր՝ ոչինչ, աստիճանաբար կմահանան, պարտքն ինքն իրեն կմարվի։ Նրանք երևի դրան են սպասում, բայց մենք չենք պատրաստվում մահանալ»,- ասում էր օդաչուներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG