«Իզվեստիա» օրաթերթի փոխանցմամբ, ռուսաստանցի մարզիչ Վալերի Կարպինը կարող է ստանձնել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Ըստ օրաթերթի, նրա թեկնածությանն աջակցում է «Սպարտակ» ակումբի տնօրենների խորհրդի անդամ Ջևան Չելոյանցը, ով հետևում է Հայաստանի հավաքականի ելույթներին և շփվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։
«Իզվեստիա»-ն հաղորդում է, որ 46-ամյա Կարպինը մտադիր չէ երկար ժամանակ ղեկավարել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, քանի որ ցանկանում է Ֆրանսիայում հաջորդ տարի կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլից հետո շարունակել ակումբային աշխատանքը։
Թերթը նշում է, որ Կարպինն ունի Հայաստանի հավաքականի երկու առանցքային մարզիկների` Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի հետ համագործակցության լավ փորձ։ Երկուսն էլ հանդես են գալիս Մոսկվայի «Սպարտակ»-ում, որը Կարպինը մարզել է 2009-2012 թվականներին։
«Իզվեստիա»-ն հաղորդում է, որ Կարպինից բացի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզչի պաշտոնին կարող են հավակնել նախկին մարզիչ Վարդան Մինասյանը, որի հետ կապված են հավաքականի լավագույն խաղերն անցած մի քանի տարում, ինչպես նաև հայկական ֆուտբոլում մեծ հեղինակություն վայելող՝ հավաքականի և «Փյունիկ»-ի նախկին ավագ, նախկին եզրային պաշտպան Սարգիս Հովսեփյանն, ով այսօր «Փյունիկ»-ի և երիտասարդական հավաքականի մարզիչն է։
Ըստ «Իզվեստիա»-ի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ոչ հաստատել, ոչ էլ հերքել է Վալերի Կարպինին վերաբերող տեղեկությունը։ Թերթը հիշեցնում է, որ շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդը հրաժարական ներկայացրեց, երբ Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլում հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց Ալբանիայի ընտրանուն և այսօրվա դրությամբ վաստակած ընդամենը 1 միավորով I խմբում զբաղեցնում է վերջին տեղը։
Հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում այս տարի դեռ կանցկացնի չորս հանդիպում, ընդ որում դրանցից միայն մեկը` մրցակցի դաշտում։
Հունիսի 13-ին Հայաստանի ընտրանին Երևանում կմրցի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի առաջնորդած Պորտուգալիայի հավաքականի հետ, սեպտեմբերի 4-ին կխաղա Սերբիայում, սեպտեմբերի 7-ին Երևանում` կընդունի Դանիայի ընտրանուն, իսկ հոկտեմբերի 11-ին` Ալբանիային։ Մինչ այդ էլ` հոկտեմբերի 8-ին տեղի կունենա Ֆրանսիա - Հայաստան ընկերական հանդիպումը։
Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ Վալերի Կարպինը Մոսկվայի «Սպարտակ»-ից բացի մարզել է նաև իսպանական «Մայորկա»-ն։