Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում նոր շարժում ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման


ԱՄՆ - Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման դեմ բողոքի ակցիա Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց, 24-ը ապրիլի, 2014թ․
ԱՄՆ - Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման դեմ բողոքի ակցիա Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց, 24-ը ապրիլի, 2014թ․

«Թող պատմությունը որոշի» անվանմամբ քարոզարշավը կազմակերպել է թուրք-ամերիկյան համակարգիչ հանձնաժողովը:

Միացյալ Նահանգներում թուրքական լոբբիստական կազմակերպությունները նոր շարժում են սկսել՝ ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման:

«Թող պատմությունը որոշի» անվանմամբ քարոզարշավը կազմակերպել է թուրք-ամերիկյան համակարգիչ հանձնաժողովը, որի կազմում 145 թուրք-ամերիկյան կազմակերպություններ են մտնում: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, նրանք ծրագրում են միջոցառումների շարք անցկացնել Միացյալ Նահանգների տարբեր վայրերում՝ Վաշինգտոնում, Թեքսասում, Նյու Յորքում: Թուրքական քարոզարշավի հիմնական կարգախոսն է՝ «Մի բաժանեք մեզ, միավորեք»:

Համակարգիչ հանձնաժողովի կայքի հաղորդագրության համաձայն՝ թուրք-ամերիկյան կազմակերպությունները ապրիլի 24-ին խաղաղության և համերաշխության երթ են անցկացնելու Վաշինգտոնում, որը սկսվելու է Սպիտակ տան մոտից և ավարտվելու է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան մոտ: Երթից հետո նրանք շարունակելու են մնալ դեսպանատան դիմացի մայթին՝ արձագանքելու համար հայկական խմբերին, որոնք յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին գալիս են ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան մոտ և բողոքի ակցիաներ անցկացնում:

Թուրքական հանձնաժողովը նաև տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին hash tag-եր (#) են անելու: Թուրքական քարոզչությունն արդեն լայնորեն ներկայացված է սոցցանցերում, նրանք նաև հատուկ էջ ունեն իրենց կարգախոսի անվանմամբ՝ lethistorydecideit․org:

«Անադոլու»-ն հիշեցնում է, որ մարտի սկզբին, երբ ԱՄՆ-ի մի խումբ կոնգրեսականներ «Հայոց ցեղասպանությունը, ճշմարտությունը և արդարությունը» անվանմամբ նախագիծ ներկայացրեցին, Հանրապետական կուսակցությունից կոնգրեսական Քըրթիս Քլոսընը նախագահ Բարաք Օբամային կոչ էր արել հայ - թուրքական հաշտեցման հանձնաժողով ստեղծել՝ փորձելով նաև աջակցություն ստանալ Կոնգրեսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG