Հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգով երեկ մեկնարկեց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:
Փառատոնի հիմնադիր նախագահ Ստեփան Ռոստոմյանը նաև երազում էր Բյուրականում բացել երաժշտական ակադեմիա, որտեղ փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանող աշխարահահռչակ երաժիշտները վարպետության դասեր կտային մեր երիտասարդներին:
Եվ ահա այսօր Բյուրականում տեղի ունեցով «Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի ակադեմիայի բացումը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ անցկացված արարողությանը ներկա էր նաև Եվգենի Կիսինը:
Ստեփան Ռոստոմյանը պատմեց, որ դեռ չորս տարի առաջ ինքն այդտեղ մի փոքրիկ հյուղակ էր գնել, և հենց դրա տեղում իր ընկերների, «Փյունիկ» հիմնադրամի ջանքերով կառուցվել է ակադեմիայի եռահարկ շենքը:
«Այս տեղի ամենամեծ գաղտնիքը նա է, որ դահլիճում մինչև 120-150 մարդ տեղավորվում է: Ակուսիտկան այնպես է, որ որտեղ նստեք դահլիճում, նույն ակուստիկան է», - ասաց Ռոստոմյանը:
Եվգենի Կիսինը երեկվա համերգի հոնորարի մեծ մասը տրամադրել է նորաբաց ակադեմիայի համար բարձրակարգ դաշնամուր ձեռք բերելու համար: Լրագրողների հետ զրույցում Կիսինն ասաց, որ ուրախ է նման մասնակցություն ունենալու համար:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը գոհունակությամբ նշեց, որ նորաբաց ակադեմիան գտնվում է ոչ թե Երևանում, այլ Բյուրականում:
«Այստեղ մենք յոթ-ութ տուն ենք: Մենակ սա չէ: Օրինակ, կոմպոզիտոր Վաղարշակ Զաքարյանը, կողքի տունը մեր հայտնի նկարիչ Հրաչ Սարգսյանն է, հետո կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, հետո Գագիկ Թամանյանը՝ Թամանյանի թոռը, ջութակահար Հրաչիկ Հարությունյանը․․․ Քաղաքը սարքում ենք: Սա առաջին բլոկն է ընդամենը», - լրագրողների հետ զրույցում փոխանցեց Ստեփան Ռոստոմյանը: