«System of a Down» ռոք խումբը սկսում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգաշարը, որն անվանվել է Wake Up The Souls («Արթնացրու հոգիներին»)։ Նրանք համերգներ են տալու եվրոպական երկրներում, Հայաստանում, բայց Թուրքիայում հանդես գալու նրանց ցանկությունը չի իրականանա։
Newsweek պարբերականը գրում է, որ համերգաշարը սկսվելու է ապրիլի 6-ին։ Խումբն առաջին համերգը տալու է Լոս Անջելեսում, այնուհետև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում, իսկ վերջին՝ անվճար ելույթը Երևանում՝ Հանարպետության հրապարակում։
«Գրեմի»-ի մրցանակակիր, աշխարհահռճակ «System of a Down»-ն առաջին անգամ ելույթ է ունենալու Հայաստանում՝ իրենց նախնիների հայրենիքում։ Խմբի բոլոր անդամները հայեր են՝ ցեղասպանությունից փրկվածների զավակներ։
Հյուրախաղերում նրանք կատարելու են երկու նոր երգ՝ Holy Mountain և P.L.U.C.K երգերը, որոնք հատուկ գրվել են Ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչելու համար։
Երկու օր առաջ Միացյալ Նահանգներում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, խմբի մենակատար Սերժ Թանկյանը ասել է. - «Մեզ համար մեծ պատիվ է Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ելույթ ունենալ Հայաստանում։ Ցեղասպանությունն աղետ է, որի հետևանքները այսօր էլ շարունակվում են։ Մեզ համար՝ որպես ամերիկահայեր և որպես խմբի անդամներ, որոնց հարազատները զոհվել են այդ ողբերգությունում, շատ կարևոր է այս հարցի վրա ուշադրություն բևեռելը»։
Թանկյանի և խմբի թմբուկահար Ջոն Դոլմայանի ասուլիսին կոնֆերանս զանգերի միջոցով միացել են հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը, թուրք պատմաբան, գիտնական Թաներ Աքչամը, ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Նրանք բոլորը կոչ են արել Թուրքիայի իշխանություններին և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Թաներ Աքչամը, խոսելով հայերի ցեղասպանությունը Թուրքիայի կողմից ճանաչելու անհրաժեշտության մասին, դա կապել է նաև Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն հաստատելու հետ։
«Մերձավոր Արևելքում անցյալը շարունակում է ներկա մնալ։ Էլ ի՞նչ պետք է պատահի հասկանալու համար, այս պարզ ճշմարտությունը», - նշել է թուրք պատմաբանը։
Ջոն Դոլմայանն ասել է, որ Ցեղասպանության մասին սարսափելի պատմություններ են լսել իրենց ընտանիքի անդամներից. իր հորեղբայրը մեծացել է Հունաստանի մանկատներից մեկում, քանի որ նրա ծնողները սպանվել էին։ «Ցեղասպանության հետևանքները մնում են, այսօր էլ ինձ հետ են, և ժխտողականությունը՝ դա նման է ամեն տարի դեմքին թքելուն», - ասել է նա։
«System of a Down»-ը չնայած շատ երկրպագուներ ունի նաև Թուրքիայում, սակայն այնտեղ համերգներ կազմակերպելու հարցում խոչընդոտների է հանդիպել։
Դոլմայանն ասել է. - «Թուրքիայում քաղաքացիական շարժում է զարգանում, և մենք այնտեղ շատ ընկերներ ունենք, որոնք մեզ հետ միասին պայքարում են Ցեղասպանությունը ճանաչելու համար։ Մեր երկրպագուներից մի քանիսը մեզ նույնիսկ պաշտպանել են թուրքական մամուլի զրպարտչական մեղադրանքներից։ Սկզբում մենք պլանավորում էինք նվագել նաև Թուրքիայում, բայց մեզ ասվել է, որ դրա համար անհրաժեշտ է ստանալ Թուրքիայի իշխանությունների թույլտվությունը»։
Երաժշտական աշխարհի հեղինակավոր «Գրեմի»-ի մրցանակակիր «System of a Down»-ի դեբյուտը կայացել է 1998 թվականին։ Խումբը 5 ալբոմ է թողարկել։ Աշխարհով մեկ վաճառվել է նրա երգերի ավելի քան 31 միլիոն ձայնասկավառակ։