Դիտորդները չեն բացառում, որ ևս մեկ մրցույթ կանցկացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի դատավորի ընտրության համար, այսօր «Ազատության»-ը ասաց «Իրավունքի Եվրոպա» միավորում հասարակական կազմակերպության դիտորդ Տիգրան Եգորյանը՝ նշելով, որ նախորդ՝ արդեն երկրորդ անգամ անցկացված մրցույթը ևս անցել է բազմաթիվ խախտումներով:
Եգորյանի խոսքով, իրենք խախտումների մասին զեկույց են ուղարկել Եվրոպայի խորհուրդ:
«Խնդրել ենք, որևէ կերպ չթույլատրել կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասին չհամապատասխանող որակական չափանիշներով թեկնածուներին ներկայանալ կոմիտե։ Մջազգային մակարդակում արդեն իսկ կա հետաքրքիր դիսկուրս և կան արդեն իսկ հետաքրքիր հրապարակումներ և կանխատեսումներ միջազգային իրավունքի ոլորտի մասնագետների կողմից, որոնք ազդարարում են, որ, ամենայն հավանականությամբ, այս ցուցակները ևս կմերժվեն», - ասաց Եգորյանը։
Խոսելով մրցույթի ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին, դիտորդ Լուսինե Հակոբյանը վստահեցրեց, որ հանձնաժողովը իրենց հնարավորություն չի տվել ծանոթանալ մրցութային նյութերին, որոնց միջոցով հնարավոր կլիներ հասկանալ՝ արդյո՞ք թեկնածուները բավարարում են անհրաժեշտ չափորոշիչներին և պահանջներին:
Հակոբյանի պնդմամբ՝ թափանցիկության պակասը, ԵԽԽՎ-ի չափանիշներով, արդեն իսկ լուրջ խախտում է:
«Մրցութային հանձնաժողովի կազմն արդեն վկայում էր, որ հնարավոր չէր լինելու կազմակերպել արդար, թափանցիկ, հանրության համար վստահելի մրցույթ», - գործընկերոջ միտքը շարունակեց դիտորդ Մուշեղ Շուշանյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ հանձնաժողի 9 անդամներից 8-ը քաղաքականապես չեզոք չեն:
«Հանձնաժողովի նպատակը ոչ թե արդարացի, թափանցիկ մրցույթի անցկացումն է եղել, այլ ընդամենը որևէ կերպ թույլ չտալը, որ հաղթող ճանաչված անձանց ցուցակում հայտնվեն Կառավարության կողմից չվերահսկվող և անկախ թեկնածուներ», - ասաց Շուշանյանը։
Դիտորդական առաքելություն իրականացնող «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»-ի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն էլ պնդեց, թե հանձնաժողովի անդամների հարցերի միջոցով հնարավոր չի եղել պարզել թեկնածուի անձնական հատկանիշները, ինչը, ըստ Սահակյանի, չափազանց կարևոր հանգամանք է:
«Չեն հնչել խորքային հարցեր՝ մասնագիտական գիտելիքները ստուգելու համար, իսկ լեզվի իմացության ստուգումը հնարավոր չի եղել վերահսկել, քանզի դիտորդներին հնարավորություն չի տրվել ստուգել թեկնածուների գրավոր թարգամանությունները», - ասաց Սահակյանը:
«Չբացահայտվեց նույնիսկ, թե յուրաքանչյուր չափորոշիչով որքան է գնահատվել այդ թեկնածուն, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե արդյոք դա ճի՞շտ էր, այսինքն՝ սա արդեն իսկ խոսում է նրա մասին, որ զուտ ձևական բնույթ է կրել՝ և՛ հարցազրույցի փուլը, և՛ հետո արդեն գնահատման փուլը», - ասաց Սահակյանը։
Դիտորդների պնդմամբ՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի մրցույթը ձևական էր:
Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ կփոխի հերթական մրցույթը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրորդ անգամ ևս մրցույթին մասնակցեցին գրեթե նույն թեկնածուները, չի փոխվում նաև հանձնաժողովի կազմը, Տիգրան Եգորյանը պատասխանեց, որ թեկանծուների շարքում կան արժանիները, մնում է, որ քաղաքական կամք դրսևորվի:
«Եթե ոչ, ապա հնարավոր է նաև չորրորդ մրցույթը, հնարավոր է նաև հինգերորդ մրցույթը։ Սա չափազանց անպատվաբեր է մեր երկրի համար։ Եվ եթե այս հանձնաժողովը և այն իշխանությունները, ովքեր այս ամենը հանդուրժում են, չեն հասկանում սա, մեր երկրին հասցված հեղինակության առաջին հարվածը հենց իրենք են հասցնում», - ասաց Եգորյանը։