Մատչելիության հղումներ

Ակտիվիստների դեմ բռնությունների գործերով կասկածյալներ չկան․ օմբուդսմենը մտահոգ է


Նվազագույնը, որ պետք է անեն իրավապահ կառույցները հանցագործներին բացահայտելն է. Կարեն Անդրեասյան
please wait

No media source currently available

0:00 0:03:20 0:00

Անդրեասյանը նշում է, որ ուշի ուշով հետևում են զարգացումներին։

Ցանկացած մարդ, ով զբաղվում է քաղաքական ու հասարակական գործունեությամբ, պետք է անվտանգության ավելի լայն ու վստահելի երաշխիքներ ունենա ոստիկանության կողմից, «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր գործիչների ու ակտիվիստների դեմ վերջին բռնությունների շղթային։ Այդ գործերում օմբուդսմենը օրինաչափություն է նկատել։

«Դա տուժողների քաղաքական, հասարակական ակտիվությունն է: Եվ այդ ակտիվությամբ պայմանավորված ցանկացած խոչընդոտ պետք է վերացվի: Իրավապահ մարմիններն ունեն ավելի մեծ պարտականություն՝ պաշտպանելու այդ մարդկանց՝ հենց այդ ակտիվությամբ պայմանավորված», - ասաց մարդու իրավունքների պաշտպանը:

Նվազագույնը, որ պետք է անեն իրավապահ կառույցները, հանցագործներին բացահայտելն է, բայց նախ՝ պաշտպանի գրասենյակը պահանջում է կանխարգելել այդ հարձակումները՝ «հատկապես, երբ դա տեղի է ունենում խաղաղ հավաքի ժամանակ»:

Բռնությունների փաստերով հարուցված քրեական գործերում օմբուդսմենի լիազորությունները սահմանափակ են, պնդում է Անդրեասյանը՝ հավելելով, որ այնուամենայնիվ, իրենք ուշի ուշով հետևում են զարգացումներին։

«Ու ասեմ, որ մենք մտահոգ հետևում ենք Գյումրիում տեղի ունեցած դանակահարության գործընթացին և բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ իրենց քաղաքական իրավունքներն իրացնելիս հանդիպում են խոչընդոտների», - ընդգծեց Անդրեասյանը:

Շաբաթ օրը Գյումրիում ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարել էին հանրահավաքի ժամանակ, ինչի հետևանքով նա կորցրեց փայծաղը։ Դեպքից միայն 4 օր անց ոստիկանությունը ձերբակալեց ինքնակամ ներկայացած Կամո Խաչատրյանին, թեև նրա լուսանկարը դեպքից անմիջապես հետո տարածվել էր համացանցում։

Ակտիվիստների դեմ բռնությունների մի շարք այլ գործերով, սակայն, կասկածյալներ մինչ օրս չկան։ Չի բացահայտվել, թե ովքեր էին այրել «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչների ավտոմեքենաները, կամ քաղաքի կենտրոնում բռնության ենթարկել Գևորգ Սաֆարյանին, Վաղինակ Շուշանյանին, Վիլեն Գաբրիելյանին, առևանգել ու ծեծել ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին։

«Հիմնադիր խորհրդարան»-ի փոխնախագահ Ժիրայր Սեֆիլյանն ասում է՝ չեն հավատում, թե այս դեպքերը ոստիկանությունը բացահայտելու է․ - «Ոչ մի նորություն չկա, ոչ էլ կլինի․ Կլինի միայն հեղափոխությունից հետո»:

Վաղինակ Շուշանյանի ու Վիլեն Գաբրիելյանի գործով քննությունը կասեցվել է: Այն կշարունակվի, եթե հետախուզական մարմինը նորություն գտնի։

Փաստաբան Լուսիեն Սահակյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ փորձը ցույց է տվել, երբ կասեցվում են նմանատիպ գործերը, դրանք այլևս ապագա չունեն։

Բռնության ենթարկված Վիլեն Գաբրիելյանը, ով համացանցում հայտնի է «Նավակ ճոճողը» կեղծանունով ասում է. - «Երբ իրենց պետք է, բացահայտում են, երբ պետք չի, չեն բացահայտում: Անշուշտ իշխանությունների պատվերով է: Առանց իշխանության թույլտվության ոչ մեկ ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող մարդուն կամ քաղաքացիական ակտիվիստին չի կարող պատժել, էդ դեպքը չի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG