Մատչելիության հղումներ

Կարապետ Գուլոյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ


Կարապետ Գուլոյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ
please wait

No media source currently available

0:00 0:03:31 0:00

Նորանշանակ մարզպետը Գագիկ Ծառուկյանի փեսան է:

Կառավարությունն այսօրվա նիստում աշխատանքից ազատեց Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին նույն պաշտոնում նշանակելով Աբովյանի արդեն նախկին քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանին։

«Ես կարող եմ ասել, որ իշխանությունը, իմ աշխատանքը գնահատելով, ինձ անձամբ առաջարկել է մարզպետի պաշտոն և ես չեմ հրաժարվել», - ասաց Գուլոյանը՝ ընդգծելով, որ Ծառուկյանի միջամտություն այս հարցում չի եղել:

Հարցին, թե ինչպիսին են իր հարաբերությունները ԲՀԿ-ի հետ, քանի որ ինքը դադարեցրել է քաղաքական գործունեությունը [և դուրս է եկել ԲՀԿ-ից], Գուլոյանն արձագանքեց․ - «Եթե ես իմ գործունեությունը դադարեցնում եմ, ոչ մի առնչություն չունեմ: Ես անկուսակցական եմ: Քաղաքական հարցերով ինձ հարցեր չտաք»:

Կարապետ Գուլոյանը քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարեց ընդամենը մեկ ամիս առաջ, երբ նախագահ Սերժ Սարգսյանի կոշտ քննադատությունից հետո Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց ԲՀԿ ղեկավարի պաշտոնից։ Նրա փեսան ևս լքեց կուսակցությունը, սակայն մնաց Աբովյանի քաղաքապետի պաշտոնում, որը զբաղեցնում էր 2008 թվականից։ Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը կառավարության որոշմամբ կանցնի այլ աշխատանքի։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ, այսօր պետական պաշտոնները դիտվում են որպես ներիշխանական ռեսուրս՝ համակարգի ներսում հարաբերություններ կարգավորելու համար և, որ Գուլոյանի նշանակումը տեղավորվում է այդ տրամաբանության շրջանակում:

«Ամենայն հավանականությամբ ներառվում է այն պայմանավորվածությունների շրջանակի մեջ, որոնք տեղի ունեցան փետրվարին: Հատկապես ինչ համատեքստում՝ կդժվարանամ ասել, երևի ժամանակը ցույց կտա: Չեմ կարծում, որ ԲՀԿ-ին կամ Ծառուկյանին ինչ որ բան ասելու խնդիր ունեն, ես կարծում եմ նույնիսկ պայմանավորվածության շրջանակում տեղի ունեցող գործողություն կարող է լինել, որովհետև հիմա էնպիսի իրավիճակ է, որ առանձնապես թե ԲՀԿ-ին, թե Ծառուկյանին ինչ-որ բան ասելու խնդիր իշխանությունը չունի», - ասաց Հակոբ Բադալյանը:

Վերակազմավորված ԲՀԿ-ի խոսնակ Վահան Բաբայանը դրական է գնահատում Գուլոյանի նշանակումը մարզպետի պաշտոնում և հորդորում է քաղաքական ենթատեքստ չփնտրել։

«Քաղաքական տեսանկյունից չեմ կարող ինչ-որ բաներ ասել, որովհետև նշանակվել է մի մարդը, ով քաղաքային, համայնքային կառավարման ոլորտում իրեն լավ էր ցուցաբերել և բավականին երիտասարդ գործիչ է, որը հանրության առաջ ճանաչված է և աշխատել է, այսինքն՝ քաղաքական գնահատականներ տալը կարծում եմ այստեղ անտեղի է: Ավելի լավ է՝ ողջունենք, որովհետև մենք իրականում հասկանում ենք, որ տվյալ որոշումները կայացվում են ի նպաստ տվյալ մարզի», - ասաց ԲՀԿ խոսնակը:

Կարապետ Գուլոյանին մարզպետի պաշտոնում նշանակելու մեջ արտառոց բան չի տեսնում նաև իշխող Հանրապետականի խորհրդի անդամ, պատգամավոր Կարինե Աճեմյանը։ Չի կարծում, որ փեսայի նշանակումը ժեստ էր՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին։

«Կարծում եմ, որ երևի թե քաղաքապետի պաշտոնում լավ է աշխատել Գուլոյանը և երևի թե դրա հետ է կապված նրա առաջխաղացումը, ընդամենը», - ասա հանրապետական պատգամավորը:

Հայ ազգային Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանն էլ իր հերթին ասաց, որ Կարապետ Գուլոյանին մարզպետ նշանակելու հարցը քաղաքական իմաստով մեկնաբանելու խնդիր չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG