Մատչելիության հղումներ

Փոստանջյան. «100 տարի անց պետք է պարզենք՝ ինչպես վերացնենք հայրենազրկման հետևանքները»


ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, արխիվ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, արխիվ

Ցեղասպանությանն առնչվող հարցերի շուրջ այսօր «Ժառանգություն» կուսակցությունը համաժողով է անցկացնում։

«Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց մենք պետք է պարզենք, թե ինչպես վերացնենք հայերի հայրենազրկման հետևանքները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Ցեղասպանությանն առնչվող հարցերի շուրջ այսօր «Ժառանգություն» կուսակցությունը համաժողով է անցկացնում, որին հրավիրված են պատգամավորներ, դեսպաններ, միջազգային կառույցների ու Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ։

«Մենք անդրադարձ կկատարենք 100 տարի անց՝ որո՞նք են մեր հայրենազրկման հետևանքների վերացման ուղիները, որոնցից մեկը, կարծում եմ, Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքների բռնակցման դատապարտումն է և հետագա քայլերը», - ասաց Փոստանջյանը։

Համաժողովի ընթացքում ներկայացվելու է նաև պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագիծը, որը պատգամավորը դեռ հունվարին ներկայացրել է խորհրդարանին։ Օրենքի նախագիծն այժմ հետաձգված օրինագծերի ցանկում է։

«Նախագիծը մեր ապագայի մասին է», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավորը՝ հավելելով. - «Այդ օրենքով մենք ճանաչում ենք այսօրվա Թուրքիային որպես Հայաստանի տարածքների բռնազավթող»։

«Արդեն անցել է այն ժամանակը, որ մենք միայն կարեկցանքի կամ Ցեղասպանության ճանաչման խնդիրը պետք է դնենք։ Մենք խնդիր պետք է դնենք փոխհատուցման՝ տարածքային, նյութական, բարոյական՝ տարածքային փոխհատուցումը ներառյալ, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության տարածքները պետք է վերադարձվեն Հայաստանի Հանրապետությանը», - հայտարարեց Փոստանջյանը։

Հայաստանի կառավարությունն արդեն եզրակացություն է տվել Փոստանջյանի օրինագծի վերաբերյալ՝ նպատակահարմար չհամարելով դրա ընդունումը: Միաժամանակ նշել են, որ նախագիծը Ազգային ժողովում քննարկելիս հարակից զեկուցմամբ հանդես կգա արտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Մենք մեզ տերն ենք համարում մեր հայրենիքի, որից մեզ զրկել են 100 տարի առաջ, և սա պետք է լինի, իհարկե, հայ ժողովրդի քաղաքական և՛ հայտը, և՛ նաև պահանջատիրության մասը», - ասաց Փոստանջյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG