Մատչելիության հղումներ

Տարոն Աճեմօղլու. «Արտագաղթը սարսափելի վտանգ է Հայաստանի համար»


Տարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ռոբինսոնի հեղինակած Why Nations Fail գրքի շապիկը
Տարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ռոբինսոնի հեղինակած Why Nations Fail գրքի շապիկը

Աշխարհահռչակ հայազգի տնտեսագետի խոսքով` Հայաստանին անհրաժեշտ է, առաջին հերթին, փոխել երկրի ազդեցիկ մարդկանց գիտակցությունը։

Աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն ծնվել է Թուրքիայում՝ հայկական ընտանիքում, սովորել՝ Մեծ Բրիտանիայում, իսկ դասախոսում է ԱՄՆ-ի ամենահեղինակավոր համալսարաններից մեկում:

«Եզակի պատմություն և մշակույթ ունեցող Հայաստանը, այնուամենայնիվ, սոցիալ-տնտեսական ցուցանիշներով ոչնչով չի տարբերվում այլ հետխորհրդային երկրներից», - «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում պատմեց հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ, Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն։

«Ծնվել ու մեծացել եմ հայկական ընտանիքում, ավարտել Ստամբուլի հայկական տարրական դպրոցը, և, իհարկե, ինձ միշտ հետաքրքրել են տնտեսական, քաղաքական և սոցիալական զարգացումները Հայաստանում», - ասաց պրոֆեսորը։

Աճեմօղլուն, որը աշխարհի 10 ամենահիշատակվող տնտեսագետներից մեկն է, հետազոտում է այն սոցիալ-քաղաքական գործընթացներն ու համակարգային գործոնները, որոնք երկրներին թույլ են տալիս տեխնոլոգիական և տնտեսական թռիչք կատարել։

«Քաղաքական և տնտեսական գործոններն այս ամենի հիմնասյուներն են, քանի որ որոշ երկրների հաջողությունը պայմանավորված է հենց տնտեսական և քաղաքական համակարգերով», - ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ նախկին խորհրդային երկրներից հաջողության են հասել միայն նրանք, որոնք կարողացել են ձերբազատվել խորհրդային ժառանգությունից մնացած սոցիալ-տնտեսական համակարգից: Մինչդեռ մյուսները՝ այդ թվում Ուկրաինան, Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը, ըստ Աճեմօղլուի, չկարողացան փոխել քաղաքական և տնտեսական էլիտայի խորհրդային ինքնությունը, ինչը բացասաբար անդրադարձավ նրանց զարգացման վրա:

«Ցավոք սրտի, Հայաստանը նույնպես այս երկրների թվին է պատկանում, սակայն, ի տարբերություն, օրինակ, Ղազախստանի, Ադրբեջանի կամ Թուրքմենստանի, Հայաստանի համար դրանք շատ ավելի լուրջ դժվարություններ են, քանի որ այն սերտ կապված է արտաքին աշխարհին սփյուռքի միջոցով, և այդ պատճառով Հայաստանի բնակչության համար շատ ավելի հեշտ է լքել երկիրը: Հենց այդ պատճառով էլ արտագաղթը, հատկապես՝ երիտասարդների արտագաղթը, սարսափելի վտանգ է Հայաստանի համար», - ասաց Աճեմօղլուն։

Գիտնականի կարծիքով, լուրջ հաջողություններ գրանցելու համար Հայաստանին անհրաժեշտ է առաջին հերթին փոխել երկրի ազդեցիկ մարդկանց գիտակցությունը, վերջնականապես ձերբազատվել խորհրդային քաղաքական և տնտեսական մոտեցումներից և զարկ տալ ստեղծագործական ջանքերին ու աշխատասիրությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG