Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը վճիռներով Հայաստանը փոխհատուցել է ավելի քան կես միլիոն եվրո


ՄԻԵԴ-ը վճիռներով Հայաստանը փոխհատուցել է ավելի քան կես միլիսն եվրո
please wait

No media source currently available

0:00 0:04:04 0:00

Եվրոպական դատարանում այս պահին Հայաստանին առնչվող 1000-ից ավելի գործ է քննվում։

3 տարի 3 ամիս Արտաշես Դավթյանը կալանավայրում ստիպված է եղել պայքարել կյանքին սպառնացող հիվանդությունների դեմ՝ առանց մասնագիտական խնամքի ու բուժման, անգամ կլինիկական մահ է տարել։

«Բանտախցում անցկացրած ամեն օրը պայքար էր կյանքի համար», - ասում է Դավթյանը, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) երեկվա վճռով որպես բարոյական վնասի փոխհատուցում պետությունից կստանա 9060 եվրո։

«Փորձում եմ հավատալ որ այս վճռից հետո դատավորները, քննիչները, դատախազները, ունենալով ենթագիտակցության մեջ այս արձանագրությունը, կփորձեն օրենքով, բայց ճիշտ վարվել կալանավորված ու բանտարկված անձանց նկատմամբ», - «Ազատությանն» հետ զրույցում ասաց Դավթյանը։

Եվրադատարանում Դավթյանի բողոքը ներկայացնող Լուսինե Սահակյանի խոսքով, ինքը գրեթե ամեն օր զգուշացրել է, որ կալանավորը շնչահեղձ է լինում, և ամեն րոպե կարող է մահանալ, սակայն դատավորները ոչ միայն մերժել են խափանման միջոցը փոխելու, այլև Դավյթյանին բուժօգնություն տրամադրելու միջնորդությունը․ - «Բազմաթիվ բժիշկներ, որ հրավիրվում էին մեկուսարան, բոլորը նշում էին, որ շտապ վիրահատության անհաժեշտություն կա, և Արտաշես Դավթյանը միևնույն է չէր տեղափոխվում հիվանդանոց: Այնքան պատշաճ չէր բուժօգնությունը, նույնիսկ սարքավորումներ չկային քրեակատարողական հիմնարկում, որ կալանավորներն բերան-բերան շնչառություն էին տալիս արհեստական Արտաշես Դավթյանին, որպեսզի նրա կյանքը կարողանային փրկել»:

Շնչահեղձության հերթական նոպան քրեակատարողական հիմնարկին ստիպել է առանց դատարանի որոշման Դավթյանին շտապ վիրահատության ուղարկել։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երեկ հրապարակած մեկ այլ վճռով էլ Հայաստանի Հանրապետությունը պարտվել է բռնությամբ ու խոշտանգումներով խոստովանական ցուցմունքներ վերցնելու գործով։ Գեղարքունիքի մարզի 2 քաղաքացիներ մեկ ամիս պահվել են ոստիկանությունում, կտտանքների ենթարկվել: Այս փաստերը, սակայն, դատարանն այդպես էլ քննության չի առել։ Հիմա Հայաստանի Հանրապետությանը պարտավոր է վերջիններիս ավելի քան 62 հազար եվրո փոխհատուցել։

Երրորդ վճռով Հայաստանը պարտվել է հավաքների ազատության իրավունքը ոտնահարելու համար․ իրավապաշտպանները ստրասգբուրգյան դատարան էին դիմել, երբ Երեւանի քաղաքապետարանը արգելել էր մոմավառության խաղաղ երթ իրականացնել ոստիկանությունում մահացած Լևոն Գուլյանի մահվան տարելիցին:

Այս գործերով Հայաստանի դեմ կայացված վճիռները հասան 55-ի, բյուջեից փոխհատուցվող գումարն անցավ կես միլիոն եվրոյից։ Եվրադատարանում 2 տասնյակից ավելի գործերով հաղթած իրավաբան Արա Ղազարյանի խոսքով, բողոքների բովանդակությունը գրեթե նույն է․ - «2012թ սկսած մեծամասամբ խափանման միջոց կալանքի, ժամկետների, հիմքերի, կալանքի պայմանների վերաբերյալ, արգելաված վերաբերմունք․ այս գործերն են սկսում շատանալ»:

«Ինչու պետք է գործերը հասնեն միջազգային հարթակ, եթե Հայաստանում գործում է երեք դատական ատյան», - ասում է փաստաբան Զեյնալյանը՝ ընդգծելով, որ առաջին ատյանի որոշումները գրեթե միշտ անփոփոխ են մնում թե՛ վերաքննիչ և թե՛ վճռաբեկ ատյաններում: Նրա պնդմամբ՝ Հայաստանի քաղաքացիների իրավունքները ոտնահարելու համար ոչ թե պետք է վճարեն նույն քաղաքացիները՝ պետբյուջեից, այլ պաշտոնյաները պատասխանատվության ենթարկվեն․ - «Այդ մարդկանց պատճառով մենք մեր բյուջեից հատկացումներ ենք կատարել, վճարել ենք այդ սխալի համար: Այն դեպքում, երբ հենց դատավարության ընթացքում այդ հարցը բարձրացվել էր․ դատավորներին ասվել էր՝ ճանաչեք այս խախտումը»:

Լուսինե Սահակյանի համար նույպես անընդունելի է, որ Եվրոպական դատարանի կայացրած վճիռների համար փոխհատուցումը կատարվում է պետբյուջեի հաշվին։ Փաստաբանի խոսքով, օրենքը խախտող դատավորները պետք է ենթարկվեն նաև քրեական պատասխանատվության․ - «Որովհետև նրանք կատարում են ապօրինություն, բյուջեից փոխհատուցում է կատարվում, այդ պաշտոնյան շարունակում է աշխատել և շարունակում է խախտումներ թույլ տալ»։

Եվրոպական դատարանում այս պահին Հայաստանին առնչվող 1000-ից ավելի գործ է քննվում։ Ըստ օրերս հրապարակված զեկույցի, 2014 թվականի հունիսի դրությամբ ՄԻԵԴ-ի կայացրած 47 խախտման դատավճիռներից 42-ի կատարումը դեռ ավարտված չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG