Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ի փորձագետը «քաղաքական» է որակում Բաքվի օդանավակայանի դեպքը


Human Rights Watch-ի Հարավայի Կովկասի ներկայացուցիչ Գեորգի Գոգիա
Human Rights Watch-ի Հարավայի Կովկասի ներկայացուցիչ Գեորգի Գոգիա

Ադրբեջանի իշխանությունները երեկ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցչին Բաքվի օդանավակայանում ավելի քան 30 ժամ պահելուց հետո ի վերջո վերադարձրել են անձնագիրը և նրան հնարավորություն ընձեռել մեկնել Թբիլիսի:

Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում՝ միգրացիայի բաժնում, Human Rights Watch-ի ներկայացուցիչ Գեորգի Գոգիային արգելել էին դուրս գալ Ադրբեջանի օդանավակայանից: Խլել էին անձնագիրը՝ առանց որևէ բացատրության:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Ռեյչըլ Դենբերը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Գեորգի Գոգիան Ադրբեջան էր մեկնել՝ մասնակցելու իրենց քաղաքացիական պայքարով հայտնի Ինտիգամ Ալիևի և Ռասուլ Ջաֆարովի դատական նիստերին:

«Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք արել վերադարձնել Գեորգիի անձնագիրը և նրան թույլատրել, որ լքի այդ երկիրը»,- «Ազատությանը» հայտնել է Ռեյչըլ Դենբերը։

Գեորգի Գոգիան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ Բաքվի օդանավակայանում իրեն որևէ մեկը չի բացատրել, թե ինչ է տեղի ունենում:

«Այդ մարդիկ ոչ անգլերեն էին բացատրում, ոչ ռուսերեն, միայն ասում էին՝ ուսումնասիրում ենք»,- պատմել է իրավապաշտպան կազմակերպության փորձագետը և նկարագրել, թե ինչպես են իրեն օդանավակայանում կրկին տեղափոխել դատարկ ինքնաթիռ, այդ ընթացքում պնդել են, թե, իբր, նրա անձնագիրը Վրաստանի պաշտոնյաները չեն տվել:

Գոգիան այս իրավիճակը բնորոշել է «զավեշտ».- «Բայց նրանք կարող էին մի պատճառ ներկայացնել, թե ինչու են այդպես անում, քանի որ ես Ադրբեջանի որևէ օրենք չեմ խախտել, ես Լեռնային Ղարաբաղ չեմ գնացել, չեմ արել որևէ բան, որը կարող էր նրանց իրավական հիմք տալ, որ ինձ չթողնեին երկիր մտնել»:

Ըստ Գեորգի Գոգիայի, ակնհայտ է, որ քաղաքական որոշում է եղել իրեն երկիր չթողնելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG