Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարին ծեծողը տուգանվեց 80 հազար դրամով


ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարին ծեծողը տուգանվեց 80 հազար դրամով
please wait

No media source currently available

0:00 0:04:16 0:00

ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարին ծեծողը տուգանվեց 80 հազար դրամով

Տուժող Աշոտ Փիլիպոսյանի խոսքով, դտաարանն իր համար ճաշկերույթի սեղանի գումար է գանձել՝ «կարելի է ասել, մի ճաշի սեղան»:

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանին միտումնավոր ծեծելու համար դատարանն այսօր որոշեց 80 հազար դրամով տուգանել ամբաստանյալ Պարգև Մանուկյանին։

Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի, մեղադրյալը ընդդիմադիր գործչին ծեծել էր իր հարազատին հեռախոսով վիրավորելու համար։ Միջանձնային այս վեճից բացի, նախաքննական մարմինն այլ վարկած չէր քննել, դատարանն էլ շարունակեց նույն ոգով: Մինչդեռ, ըստ Փիլիպոսյանի, վեճը ծագել է քաղաքական տարաձայնությունների պատճառով, երբ գյուղապետի մերձավորները թույլ չէին տվել ընդդիմադիրներին եռյակի հանրահավաքի մասին իրազեկում իրականացնել։

Այսօրվա եզրափակիչ նիստին տուժողը նույնիսկ դատարան չէր եկել։

«Վստահություն չկա, խեղկատակության վերածված դատական պրոցես էր: Դրա համար բոյկոտն ավելի ճիշտ էր, արհամարհանքն ավելի ճիշտ էր իրավական համակարգի նկատմամաբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փիլիպոսյանը։

Իրեն հասցված մարմնական վնասվածքների, սալջարդի ու ուղեղի ցնցման համար 80 հազար դրամով տուգանելը Փիլիպոսյանը ծիծաղելի է համարում՝ պնդելով, որ դատարանն իր համար ճաշկերույթի սեղանի գումար է գանձել․ - «Կարելի է ասել, մի խաշի սեղան»։

Փիլիպոսյանի նկատմամբ բռնությունը տեղի ունեցավ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու օրերին։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դեպքերի հաջորդականությունը պատահական չի համարում։ Նրա խոսքով, ամեն անգամ երբ ՀԱԿ-ն ակտիվանում է, միանգամից հարվածներ է ստանում։

Իսկ դատարանի այսօրվա որոշումը ընդդիմադիր գործչին այդքան էլ չի զարմացնում, Զուրաբյանը վստահ է՝ հարձակումների թիկունքում կանգնած է ՍերԺ Սարգսյանը ով այս պահին ստեղծում է իր խոստացած հայրենիքը. - «Սերժ Սարգսյանը իսկապես կատարել է իր խոստումը նախընտրական և կառուցել է ապահով Հայաստան: Բայց ապահով Հայաստան իր բանդիտական ղեկավարության համար»:

Դատական առաջին ատյանի որոշումը վերաքննիչում բողոքարկելու մասին Փիլիպոսյանը դեռ չի մտածում։ Մտավախություն ունի, թե ներկայացումը կշարունակվի նաև բարձր ատյանում․ - «Բեսպրեդել է տիրում, այսինքն իրենք արդեն իրենց մարտավարությունը բացել, դրել են ժողովրդի առաջ, որ մենք սենց ենք առաջնորդվում, սենց ենք մտածում»:

Եթե ընդիմադիր գործիչն այսօր դժգոհում է դատարանի որոշումից, ապա բռնության ենթարկված տասնյակ քաղաքացիական ակտիվիստներից շատերի գործը նույնիսկ դրան չի հասել։ 4 ամիս առաջ տունդարձի ճանապարհին, Խանջյան փողոցի մարդաշատ կանգառում, բազմաթիվ տեսախցիկների առաջ կոշտ առարկայով գլխին ծանր հարվածներ ստածած Գևորգ Սաֆարյանի գործով մեղադրյալ մինչև օրս չի գտնվել։ Այդ նույն օրերին Երևանում հրկիզվեցին Նախախորհրդարանի ադամներին պատկանող 7 ավտոմեքենաներ, և այս գործով ևս մեղավորները շարունակում են անպատիժ մնալ։ Ընդդիմադիր ակտիվիստը չի կասկածում, բռնություն ու հրկիզման դեպքերը փոխկապակցված են, իսկ հանցագործությունների դրդապատճառը՝ քաղաքական։

Տան փոխարեն հիվանդասենյակում հայտնված Գևորգը հենց դեպքի վայրում մատնացույց է անում իրավապահների բացթողումները․ - «Այստեղ այս երկու տեսախցիկները ձայնագրում են, որոնց տեսագրությունը ոստիկանությունը չի առգրավել: Եվ մի տեսախցիկ՝ խանութի տեսախցիկը այնտեղ է դրված, որը նույնպես տեսագրում է, բայց շատ ավելի ցածր որակ է, քան այս տեսախցիկները»:

Իրեն քաղաքական հալածանքի զոհ է համարում նաև բողոքի ակցիաների ժամակ աչքի ընկած ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը։ Երեք ամիս առաջ նա հարձակման էր ենթարկվել այն բանից հետո, երբ արձագանքել էր ոստիկանապետի տեղակալ, գեներալ Լևոն Երանոսյանի հայտարարությանը, թե պատրաստ է շան թուլի պես կտրել նախագահին վիրավորողների ականջը:

Բռնությունից հետո ակտիվիստը ֆիքսել էր իր վրա հարձակվողների դեմքերը, նկարագրությունը սակայն որևէ կերպ բացահայտմանը չէր օգնել: Ավելին՝ մեղադրյալին չհայտնաբերելու հիմնավորմամբ դատարանը կասեցրել է գործի քննությունը՝ քննչական կոմիտեին հանձնարարելով նոր բացահայտումների դեպքում միայն վերսկսել այն։

Շուշանյանը վստահ է, որ գործը այդպես էլ իրավապահների դարակում կմնա․ - «Չեմ կարծում, որ այդպիսի մի հանգամանք ի հայտ կգա: Ինչպես գրված է նախաքննության մասին իրենց տվյալներով, այդպիսի նախաքննություն, ես կարծում եմ, ցանկացածս էլ կարող ենք կատարել․ ընդամենը մի երկու վկայի հարց տալ, ովքեր ոչինչ չեն տեսել, բացի այդ երկու երիտասարդների, անհայտ անձանց փախուստը»:

XS
SM
MD
LG