Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքը «որևիցե խանգարիչ հանգամանք» չի ունենալու


«Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուքասզյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 30-ը մարտի, 2015թ.
«Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուքասզյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 30-ը մարտի, 2015թ.

Սակայն, եթե ապրիլի 24-ին բռնություն գործադրվի ժողովրդի նկատմամբ՝ «կլինի պատասխան»:

«Հիմնադիր խորհրդարանը» համաձայնել է ապրիլի 24-ի հանրահավաքն անցկացնել քաղաքային իշխանությունների առաջարկած Էրեբունի թանգարանի մոտ, երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը հրաժարվել էր ապրիլի 24-ին Կենտրոնի որևէ հրապարակ տրամադրել ընդդիմադիր շարժմանը՝ վկայակոչելով հիշատակի միջոցառումները։

Չուքասզյանը նշեց, որ ապրիլի 24-ին իրենց ձեռնարկելիք քայլերը «որևիցե խժդժություն, որևիցե խանգարիչ հանգամանք չեն ունենալու այդ օրվա ընդհանուր միջոցառումներին», և որ իրենք հասկանում և կիսում են ժողովրդի այդ օրվա մեծամասնության զգացմունքները։

«Այդ օրվա խորհուրդը, բացի նրանից, որ մեր կորուստն էր և մեր ցավի ոգեկոչումն է, ըստ մեզ, նաև պայքարի ոգեկոչումն է, դրա համար մենք այդ օրվա մեր ոգեկոչումին պայքարի ոգեկոչումն էլ ենք ավելացնում», - ասաց Չուքասզյանը։

Նշենք՝ «Հիմնադիր խորհրդարանը» պնդում է, որ մինչև ապրիլի 24-ը ոչ մի դիմադրություն իրենց կողմից չի լինելու, հանրահավաքներն էլ լինելու են խաղաղ, իշխանափոխության հասնելու են հանրային ճնշման միջոցով։ «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Ժիրայր Սեֆիլյանն օրերս հայտարարեց, որ ապրիլի 24-ին իրենց պլանով սկսելու են քաղաքացիական անհնազանդության քայլերը և եթե այդ ժամանակ արդեն բռնություն գործադրվի ժողովրդի նկատմամբ, բնականաբար, «կլինի պատասխան, որովհետև դա բխում է ինքնապաշտպանության սրբազան իրավունքից»։

«Ազատության» հարցին, թե արժե՞ արդյոք Ցեղասպանության 100-ամյա տարելիցը կապել իշխանափոխության գաղափարի հետ, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահը պատասխանեց. - «Ես ուզում եմ հիշեցնել բոլորիս, որ երբ մենք ոգեկոչում էինք 50-ամյակը՝ ապրիլ 24-ին սկսվեցին ժողովրդի բուռն, ինքնաբուխ բողոքի երթերը, այդտեղ ոչ ոք չէր ասում, որ արդյո՞ք պետք է այդ ոգեկոչումն անցկացնել միայն սգո և կորստի ոգեկոչմամբ։ Այն ժամանակ բոլորի համար հասկանալի էր, որ ամբողջ մեր ազգային սպեկտրը խնդիրների այդ օրը բարձրացվեց և դրա՝ այդ ուժի շնորհիվ էր, որ վերելք սկսվեց և ավարտվեց ազգային ազատագրական մեր հաղթանակով Արցախում։ Ուրեմն ինչո՞ւ մենք ապրիլի 24-ը պետք է այդ խորհուրդով միայն սահմանափակենք, մեր ուղեղն ինչո՞ւ պետք է գաղութացնեն ինչ-որ ուժեր՝ ասելով, որ չէ՝ այդ օրը մենք միայն մեր կորուստներն ու ցավը պետք է ոգեկոչենք, ինչո՞ւ չպետք է պայքարը ոգեկոչենք»։

Չուգասզյանի խոսքով, եթե հայաստանցին այսօր աշխարհից արդարություն է պահանջում, ինչո՞ւ այսօրվա ներքին անարդարությունները չպետք է նկատի։

«Մեզ չե՞ն ասելու, իսկ դուք, որ աշխարհից այդքան արդարություն եք ուզում, ձեր տանը արդարության համար պայքարո՞ւմ եք։ Երբ որ հիմա ասում ենք՝ հիշում եմ ու պահանջում եմ, իսկ չե՞ս տեսնում, չե՞ս պահանջում՝ ինչ է կատարվում քո երկրում. երբ 60-ամյա մտավորականին, արժանավոր քաղաքացուն դանակահարում է մի ինչ-որ լամուկ՝ մեծացված ենիչերի որպես, և այդ ենիչերիների սերունդը, որն այսօր դանակահարում է, եթե մենք դրա առաջն այսօր չկանխենք, վաղը իրենք իշխանության են գալու՝ գլխատելու են մեզ բոլորիս», - ասաց Չուքասզյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG