Մատչելիության հղումներ

Օպերայի հարևանությամբ առանց շինթույլտվության շինարարությունը շարունակվում է


Օպերայի հարևանությամբ առանց շինթույլտվության շինարարությունը շարունակվում է
please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00

Շինարարությունն իրականացնողները միայն էսքիզային նախագիծ են ներկայացնում:

Երևանի կենտրոնում՝ Կասկադի հարևանությամբ գործող «Սանտա Ֆե» սրճարանի հարակից տարածքում շինարարությունը շարունակվում է, չնայած ավագանու ընդդիմադիր անդամ Ստյոպա Սաֆարյանը վստահեցնում է, որ այն ապօրինի է և չի անցել թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ ընթացակարգերը: «Բարև Երևան» խմբակցության անդամն ընդգծում է, որ շինարարության համար տրվել է միայն էսքիզ-նախագիծ, ինչը բավարար չէ, «հարկավոր է շինթույլտվություն»:

Սաֆարյանի խոսքով, իրենք քաղաքապետարանում բազմիցս են բարձրացրել այս հարցը, բայց հստակ պատասխան չեն ստացել: Քաղաքապետից արձագանք ստանալու մի փորձ էլ Ստյոպա Սաֆարյանն արեց «Ազատության» ներկայությամբ՝ համացնացում տեղադրելով շինարարության լուսանկարները:

«Սա սալիկների փոփոխության մասին չէ ակնհայտորեն: Այն տպավորությունն է, որ մենք կունենանք նաև այստեղ նկուղային հարկեր, ստորգետնյա ենթակառուցվածքներ նկատելի են: Եթե քաղաքապետարանը իրեն այսպես է պահում, ապա կառուցապատողը պիտի նաև ձեռք էլ առնի հասարակությանը», - ասաց Սաֆարյանը:

Ամիսներ առաջ ոստիկանները դադարեցրել էին շինարարությունը՝ շինթույլտվության բացակայության պատճառով: Հիմա, սակայն, ոստիկանությունը որևէ կերպ չի արձագանքում շարունակվող շինարարությանը՝ պնդելով, թե կառուցապատողները օրինական փաստաթուղթ ունեն՝ էսքիզային նախագիծ:

Քաղաքապետարանի քաղաքաշինության հանձնաժողովի անդամ, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, մինչդեռ, ընդգծում է, որ էսքիզ նախագիծը պետք է իրենց հանձնաժողովում հաստատվեր, ինչը մինչև այսօր չի արվել:

Երգիչ Արթուր Իսպիրյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ չնայած բազմաթիվ ահազանգերին՝ շինարարությունը ոչ միայն չի ընդհատվում, այլև ընդլայնվում ու խորանում է՝ գրավելով նաև կանաչ տարածքներ․ - «Իմ գովերգած կանաչ Երևանից բան չթողեցին: Ես չգիտեմ՝ ո՞ւր է նայում քաղաքաշինության նախարարը, ինչո՞ւ է աչքերը փակում Տարոն Մարգարյանը: Ես չեմ հասկանում, թե ինչքան պետք է մեզ արհամարհված լինենք մեր քաղաքում»:

Երեք օր շարունակ մեզ չհաջողվեց զրուցել շինարարության պատասխանատուների հետ:

Աշխատանքները հսկող և ներկայանալ չցանկացող անձը նախ արգելում էր նկարահանել տարածքը, հետո պնդում, որ ամեն ինչ օրինական է՝ կրկին որպես ապացույց ներկայացնելով քաղաքապետարանի տրամադրած էսքիզ-նախագիծը:

Մինչ ճարտարապետներն ու ավագանու անդամը պնդում են, որ էսքիզ-նախագիծը դեռ շինթույլտվություն չէ, և հակաօրինական է դրա հիման վրա շինարարություն սկսելը, քաղաքապետարանը շարունակում է հակառակը պնդել․ համապատասխան վարչությունից ստացված պատասխանում նշվում է՝ շինարարությունն օրինական է, կա էսքիզ-նախագիծ:

«Եթե քաղաքապետարանի պաշտոնյան արդեն հայտարարում է, որ իրականացվում է էսքիզի վրա, ապա դա լավագույնս է ցույց տալիս, որ իրականացվող շինարարությունը ապօրինի է», - ընդգծեց ավագանու անդամը:

Ընդ որում, քաղաքապետարանը շարունակում է պնդել, որ միայն բարեկարգման աշխատանքներ են իրականացվում, սալիկներ են փոխվում, քանի որ վերջին անգամ տարածքը նորոգվել է 10 տարի առաջ:Թե ինչով են այդ դեպքում բացատրում տեղում փորված շուրջ 5 մետր խորությամբ փոսը հարցին քաղաքապետարանը պատասխանում է՝ նպատակը հողի վերին շերտի ամրացումն է:

Ավագանու ընդդիմադիր անդամը այս բացատրություններին չի հավատում, ավելին, պնդում է, որ քաղաքապետարանը չի էլ կարող զբաղվել այս խնդրով․ - «Էստեղ մենք ունենք տոտալ անգործություն և ապօրինություն, որը, ցավոք, տեղի է ունենում Երևանի քաղաքապետարանի գործուն մասնակցությամբ»

Շինհրապարակը շրջապատած կապույտ պաստառներին չկա նաև օրենքով նախատեսված շինարարության նախագիծը:

Երգիչ Արթուր Իսպիրյանը ֆոտոխցիկը ձեռքին շրջում է քաղաքում ու արձանագրում այն հատվածները, որտեղ կանաչ տարածքների հաշվին շինարարություն է իրականացվում, ասում է՝ օրինակները շատ են, քաղաքապետարանի արձագանքը՝ անբավարար:

«Ինձ հետաքրքրում է ուղղակի էս սիստեմի անտարբերությունը», - մտահոգված է երգիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG