Մատչելիության հղումներ

Փորձագետներ․ Ղարաբաղի շուրջ ընթացող բախումներին Մոսկվան չի միջամտի


Ռուսաստանցի ռազմական փորձագետները չեն բացառում լայնածավալ պատերազմը Ղարաբաղում արդեն առաջիկա ամիսներին:

ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը, օրինակ, ասում է, որ ցանկացած նոր դիվերսիա Ադրբեջանի կողմից կարող է նոր պատերազմի սկիզբ դառնալ: Եթե նրանց դիվերսիաները հաջողվեն, ադրբեջանական բանակը հարձակում կսկսի, ասում է փորձագետը:

«Մարտավարական հաջողության դեպքում հնարավոր է լրացուցիչ ուժերի ներգրավում և օպերատիվ հաջողության հասնելու փորձի ձեռնարկում: Ահա այսպիսի փորձեր Ադրբեջանի կողմից ձեռնարկվում են», - ասում է նա:

Ռազմական հարցերով ռուսաստանցի հայտնի փորձագետ Պավել Ֆելգենգաուերն էլ համարում է, որ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու համար անհրաժեշտ է քաղաքական որոշում:

«Եթե այնտեղ իրոք լայնամասշտաբ բախում լինի, ապա այն կարող է սկսվել այս ամսվա ընթացքում, կարող է և մեկ տարի էլ դեռ չսկսվել: Դա քաղաքական որոշում է, նման բաները ինքնաբերաբար չեն լինում: Թեև, անշուշտ, երբեմն լինում է նման գործողությունների անկառավարելի ծավալում: Պատմությունն ունի այդպիսի օրինակներ: Բայց ընդհանրապես դա պահանջում է նաև քաղաքական պատրաստակամություն: Ռուսաստանը նույնպես այսօր պատրաստ չէ պատերազմել», - ասում է նա:

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանն այսօր իսկապես Հայաստանի անվտանգության երաշխավորն է, փորձագետները, ընդհանուր առմամբ, դրական պատասխան են տալիս:

«Թուրքիայի հետ պատերազմի դեպքում՝ կան մեր զորքերը, կա սահմանի համատեղ պահպանությունը, որպեսզի թուրքերն իմանան, որ անհրաժեշտության դեպքում առաջին իսկ պահից իրենք բախվելու են ռուսաստանյան դրոշի ներքո հանդես եկող մարդկանց հետ, որ դա լինելու է բախում ոչ միայն Հայաստանի, այլև միաժամանակ Ռուսաստանի հետ` դրանից բխող բոլոր հետևանքներով: Այսինքն, այո, այդպիսի երաշխիքներ կան: Հայաստանում կա ռուսաստանյան զորախումբը, որը համեմատաբար մեծ չէ», - ասում է Ֆելգենգաուերը:

Եվսեևն էլ հավելում է, որ Թուրքիայի սահմանին ռուսական զորքերի առկայությունը թույլ է տալիս Հայաստանին իր ողջ ռազմական ուժը տեղակայել հայ-ադրբեջանական շփման գոտում․ - «Ռուսաստանը Հայաստանին թույլ է տալիս գործնականում ամբողջ բանակը պահել այդ ռազմաճակատում: Քանի որ եթե հայաստանյան բանակն այնտեղ չլիներ, Ադրբեջանը վաղուց արդեն ներխուժած կլիներ: Որովհետև Ղարաբաղի բնակչությունն ընդամենը 140 հազար է: Նրանցից քսան հազարը զինծառայողներն են: Բայց քսան հազարը չեն կարող պահել այդ ամբողջ ռազմաճակատը»:

Ամեն դեպքում, երկու փորձագետն էլ համաձայնում են, որ Ղարաբաղի շուրջ ընթացող բախումներին Մոսկվան չի միջամտում և դժվար թե միջամտի: Ավելին՝ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել հակամարտող կողմերից երկուսին է:

Փորձագետների հետ զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև տեղադրված տեսանյութում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG