Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում գյուղացիներից ոմանք «այս տարի հող չեն մշակի»


Շիրակի մարզ - Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը (ձ) և վարչապետ Հովիկ Աբրահամյանը (ձախից երկրորդը) կարկտահարությունից տուժած արտում: 9-ը հուլիսի 2014 թ․
Շիրակի մարզ - Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը (ձ) և վարչապետ Հովիկ Աբրահամյանը (ձախից երկրորդը) կարկտահարությունից տուժած արտում: 9-ը հուլիսի 2014 թ․

Շատերը ո՛չ սերմացու ունեն, ո՛չ էլ գումար, և դեռ մի բան էլ պարտքեր են կուտակել բանկերից վերցված ու չվերադարձրած վարկերի տեսքով:

Շիրակի մարզում գյուղատնտեսական աշխատանքներն արդեն մեկնարկել են, սակայն անցած տարի կարկտահարության հասցրած վնասը գյուղացուն կանգնեցրել է լուրջ խնդրի առաջ: Շատերը ո՛չ սերմացու ունեն, ո՛չ էլ գումար, և դեռ մի բան էլ պարտքեր են կուտակել բանկերից վերցրած ու չվերադարձրած վարկերի տեսքով:

Մարզի ամենամեծն ու հարուստը համարվող Ազատան համայնքի գյուղապետ Վարդան Իկիլիկյանն ասում է, որ ազատանցիներից շատերն այս տարի հող չեն մշակի․ - «Գյուղացին, համեմատած նախորդ տարիներին, անցած տարի մի քիչ վատ գյուղատնտեսական տարի է ճաշակել, և արդյունքում ունենք այսօր աղքատ գյուղացիներ, որոնք նույնիսկ չեն կարողանում պարարտանյութ, վառելանյութ գնել, չեն կարողանում գումարներ ձեռք բերել, որովհետև և՛ արտարժույթի տատանումը, և՛ շուկայական վատ հարաբերությունները, և՛ անցած տարվա ցածր բերքատվությունը, կարկտահարությունը, երաշտը ազդել են այս տարվա գյուղատնտեսական տարին ճիշտ պլանավորելու վրա: Նաև բանկերը արդեն բավարար քանակությամբ վարկեր չեն կարողանում տրամադրել: Այսօր գյուղացիների մի մասը դժվար վիճակի մեջ են, և շատերը արդեն բռնել են արտագնա աշխատանքի ճանապարհը: Ցավով եմ ասում, բայց գյուղատնտեսությունից հետ նահանջողների թիվը կամաց-կամաց աճում է»:

Բավրայի գյուղապետ Կորյուն Սումբուլյանը հավելում է՝ պետությունն է որոշում, թե գյուղացին երբ ու ինչ ցանի, այնինչ հակառակը պետք է լինի, որ գյուղացին եկամուտ ունենա: Նա դժգոհում է, որ սահմանամերձ գյուղում խնդիրները շատ են, միջոցներն են քիչ․ - «13 միլիոն դրամ բյուջեով ոչ մի բան չես անի»:

Հարկերի հավաքագրման ցուցանիշը թեև բավարար է համարվում, բայց ամեն դեպքում կան համայնքներ, որոնք Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի խոսքով, միշտ պարքեր ունեցողների սև ցուցակում են․ - «Չգիտեմ ինչն է պատճառը: Պատճառը հավանաբար այն է, որ այդ մարդը իր տեղում չէ․․․ Երբ որ մարդը գործ է անում, դու էլ հաճույքով ուզում ես այդ մարդուն օգնել, ձեռքը բռնել և այլն: Երբ որ գործ չի անում, մարդ էլ է հոգնում այդ բանից: Ես զարմանում են, թե գյուղերում ոնց են պահում այդ մարդկանց․․․ Մեկը, որ շատ ծանր լծի տակ է, դա հասկացա: Բայց մեկ էլ տեսնում ես թեթև պարտք է, դա էլ չի տալիս: Արդեն ասում ես՝ էդ օրն եք ընկե՞լ: Ավելի լավ չէ՞ թողնես դուրս գաս: Եթե 30-40 հազար դրամ պարտքը գյուղապետը չի կարողանում բերել փակել, որ իր անունը դուրս գա այդ ցուցակից, այդ գյուղապետը ընդհանրապես գյուղ էլ պիտի չգնա»:

Շիրակի մարզխորհրդի նիստում այսօր համայնքապետերին մինչև ապրիլի 1-ը ժամանակ տրվեց՝ սերմացուի դիմաց կուտակած պարքերը մարելու համար: Հակառակ դեպքում դրանք կգանձվեն դատական կարգով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG