Նամակի հեղինակները պնդում են, թե ավագանին այդ ծրագրին հավանություն է տվել՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու։ Բաց նամակի տակ ստորագրել է գյուղի բնակչության շուրջ 70 տոկոսը՝ ըստ էության դուրս գալով տեղական իշխանության դեմ։
Ավագանու 4 անդամներից միայն Օլեգ Դուրգարյանն է գյուղացիների կողքին կանգնել․ - «Մենք՝ Մեծ Այրում համայնքի բնակիչներս դեմ ենք մեր հողերում նոր պոչամբարի կառուցմանը և պահանջում ենք դադարեցնել գործընթացը մինչև Ախթալայի ԼՀԿ [լեռնահարստացուցիչ կոմբինատը] չի լուծել հին պոչամբարների ռեկուլտիվացիայի և անվտանգության նորմերի պահպանման խնդիրները: Ե երկրորդ՝ մինչև Մեծ Այրում համայնքին չի առաջարկվել առողջապահական և բնապահպանական խնդիրները լուծելու փոխհատուցման որևէ եղանակ կամ օրենսդրական մեխանիզմ»:
Եթե պոչամբարը կառուցվի, այն կլինի գյուղում արդեն երկրորդը։ Գյուղացիներն ու բնապահպանները պնդում են, թե գործող պոչամբարն արդեն մեծ վնասներ է հասցրել իրենց՝ ցանկապատված չէ, և քիչ չեն դեպքերը, երբ ընտանի կենդանիները հայտնվում են դրա տարածքում։ Բացի դրանից, պոչամբարից դուրս եկող ջրերը լցվում են Դեբեդը։
«Այդ դժգոհություններին զուգընթաց նաև որոշում էր կայացվել, (Կառավարությունում համապատասխան հանձնաժողովը եզրակացություն էր տվել դրական) Այրում և Ճոճկան համայնքների 40 հեկտար գյուղատնտեսական նշանակության` հիմնականում արոտավայր, հողերի վրա նոր պոչամբար կառուցելու մասին», - փոխանցեց ավագանու անդամը:
Բնակիչների պնդումները, թե վտանգավոր թափոններով լի պոչամբարը բացասաբար է ազդում իրենց առողջության ու բնության վրա, հաստատում է վերջերս արված ոչ պաշտոնական մի հետազոտություն։ Փորձագետներից բաղկացած խումբը պնդում է, որ գյուղին պատկանող այգիների դեղձի նմուշներում թունավոր պարունակությունը 2-4 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը։
Փորձագիտական խմբի ղեկավար Սեյրան Մինասյանը զայրացած է Կառավարության ու հանքարդյունաբերողի անպատասխանատու վերաբերմունքից․ - «Մենք չունենք Ախթալա գետ, ունենք Ախթալա պոչատար․․․ Ոչ մի տեղ այդ պոչանքները, այդ կույտերը ռեկուլտիվացիա չեն արել: Հիմա անցել են Նահատակի ձորին․ պոչամբարն են լցնում, արդեն մոտեցել է բավականին կիրճի բարձրությանը, և այնտեղից քամու, հողմահարման տարբեր եղանակներով այդ աղտոտումը, այդ պոչանքը տարածվում է: Պղինձ այսօր ստանում են, ինչպես ստացել են բրոնզե դարում: Չի կարելի, չէ՞, վերջապես, 21-րդ դար է»:
Բնապահպաններն ու փորձագետները շեշտում են, որ դեմ չեն հանքարյունաբերությանը, բայց դեմ են այն մեթոդներին, որոնք այսօր կիրառվում են Հայաստանում։ Մինասյանն ասում է, թե հին պոչամբարի խնդիրները չլուծած նորի կառուցումը է՛լ ավելի կսրի բնապահպանական վիճակը Լոռու այդ շրջանում։
Ի պատասխան այս մտահոգությունների, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գործադիր տնօրեն Մարտիկ Հակոբյանը «Ազատությանը» փոխանցեց, որ մեծ ծրագրեր ունեն՝ նախատեսում են գործող պոչամբարը վնասազերծել, իսկ նորը կառուցել նորագույն տեխնոլոգիաներով։
«Ախթալայում ապրում են սոված մարդիկ: 700 հոգի սնվում են: Եթե հանկարծ դա լինի, այնտեղ գենոցիդ ա լինելու․․․ Այդ մարդիկ աշխատում են, աշխատավարձ են ստանում: Եթե 2010 թվականին 130 հազար էր միջին աշխատավարձը, էսօր դառել ա 250 հազար», - ասաց նա:
Ընկերության խոստումներին, սակայն, տեղացիներից շատերը չեն հավատում՝ հիշեցնելով անցյալի փորձը: