Մատչելիության հղումներ

Դադասյան․ Թատրոնն այնպիսին է, ինչպիսին միջավայրն է


Դադասյանի համոզմամբ, մեզանում չի լուծվել մի շատ կարևոր խնդիր՝ չի ձևավորվել այն քաղաքային միջավայրը, որտեղ թատրոնը հասարակության համար կունենա իր շատ կարևոր տեղը:

«Եթե մենք արիստոտելյան մոտեցումով փորձենք ընկալել, թե ինչ բան է թատրոնը և ինչին պիտի հասնի, ապա՝ պիտի ցնցի հանդիսատեսին և հասցնի կատարսիսի: Կատարսիսի գաղափար, որը ինքնամաքրման, ինքնաճանաչման, ինքնահավասարակշռման մի պրոցես է: Ամբողջ անտիկ շրջանի թատրոնի կարևորագույն բաղադրիչները վեհացնող, բարձրացնող, գեղեցկացնող կատեգորիաներն են: Ոչ թե տգեղացնող, ստորացնող, ցածրացնող․․․ Այստեղ կատեգորիաների խախտումներ ունենք բազմաթիվ: Եվ իհարկե թատրոնը այն վայրը չէ, որտեղ պետք է գնալ ու զվարճանալ: Թատրոնը լունապարկ չէ», - նշեց նա:

Մերօրյա հայ թատրոնին վերաբերող հարցին Դադասյանը պատասխանեց․ - «Այնպիսին է, ինչպիսին մեր միջավայրն է»:

Անդրադառնալով թատրոնների ֆինանսավորմանը՝ նա ասաց․ - «Ես կարծում եմ, որ չի կարելի ամեն ինչին գումար տալ: Ես կարծում եմ, պիտի մշակվի քաղաքականություն և այդ փոքրաթիվ գումարները նպատակային օգտագործվեն այն ուղղությամբ, որոնք կանխատեսելի են, թե ինչ պիտի դառնա արդյունքում: Եվ պահանջել անպայման արդյունքը: Չի կարող այնպես լինել․ դե սրանց էլ տանք, որ չլացեն, նրանց էլ տանք, որ չլացեն, բոլորին տանք, որ չլացեն, դե հետո, գիտեք ինչ, մեր մոտ ամեն ինչն էլ մշակույթ է․․․ Ես խիստ դեմ եմ այդ ընկալմանը: Կարծում եմ, որ մենք այդքան շքեղ չենք ապրում, որպեսզի այդպես, բոլորին մի քիչ գումարներ տալով, մի քիչ, մի քիչ, մի քիչ․․․ ընդհանրապես եղածն էլ ոչնչացնենք»:

Այսօր ավանդաբար անցկացվելու է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը: Այս տարի այն նվիրված է Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին, և 14 անվանակարգերից բացի, կհանձնվի նաև նրա անունը կրող հատուկ մրցանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG