Մատչելիության հղումներ

Ինքնաթիռն Ալպերում «միտումնավոր է կործանել» երկրորդ օդաչուն


Ինքնաթիռն Ալպերում «միտումնավոր է կործանել» երկրորդ օդաչուն
please wait

No media source currently available

0:00 0:03:18 0:00

Ինքնաթիռն Ալպերում «միտումնավոր է կործանել» երկրորդ օդաչուն

Պնդումն այսօր հրապարակել է Մարսելի դատախազ Բրայս Ռոբինը:

Մարտի 24-ին Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորված և 150 մարդու մահվան պատճառ դարձած A 320 ինքնաթիռի երկրորդ օդաչուն «միտումնավոր» է սկսել իջեցնել ինքնաթիռի թռիչքի բարձրությունը: Մինչ այդ ինքնաթիռի հիմնական օդաչուն լքել էր օդաչուների խցիկը, իսկ վերադառնալիս հանդիպել է խցիկի փակ դռանը:

Ըստ դատախազի՝ խցիկի դուռն անսպասելիորեն է փակվել ներսից։ «Հիմնական օդաչուն հնարավորություն չի ունեցել ներս մտնել»,- սև արկղի վերծանման արդյունքն է ներկայացրել Մարսելի դատախազը:

Բրայս Ռոբինը նաև մանրամասնել է գործողությունների շղթան.- «Մենք լսում ենք, որ հիմնական օդաչուն բազմաթիվ անգամ թակում է դուռը՝ ներս մտնելու համար, ասում է, թե ով է ինքը, խնդրում է, որ մյուս օդաչուն խցիկի դուռը բացի և իրեն ներս մտնելու հնարավորություն տա: Բայց երկրորդ օդաչուն ոչինչ չի պատասխանում»։

«Այդ պահին մենք լսում ենք, որ խցիկի ներսում եղել է շնչառություն, և մենք այդ շնչառությունը լսում ենք մինչև աղետը, դա նշանակում է, որ երկրորդ օդաչուն կենդանի է եղել մինչ անկումը»,- ասել է դատախազը։

Երկրորդ օդաչուն՝ Lufthansa-ի երկու տարվա աշխատակից, գերմանացի 28-ամյա Անդրես Լյումբիցն է:

Ֆրանսիական հետաքննությունների վարչության ղեկավար Ռեմի Ժուտին տեղեկացրել է, որ օդաչուն կապի մեջ է եղել, սակայն չի հայտնել որևէ խնդրի մասին: Եվ աղետը տեղի է ունեցել վերջին հաղորդագրությունից մեկ րոպե անց: Կարգավարները նկատել են, որ ինքնաթիռի ուղղությունը փոխվել է, փորձել են կրկին կապի մեջ մտնել օդաչուի հետ, սակայն վերջինս չի արձագանքել: Ֆրանսիական հետաքննությունների վարչության ղեկավարը բացառել է օդում ինքնաթիռի մեջ պայթյուն լինելու հնարավորությունը:

Lufthansa-ի գործադիր տնօրեն Կարշտեն Շպորը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ցնցված է Մարսելի դատախազի հրապարակած բացահայտումներից: Նա ասել է, որ ամենամյա բժշկական ստուգումների ժամանակ չեն պարզում օդաչուների հոգեբանական առանձնահատկությունները:

Գերմանական ավիաընկերության ղեկավարները, ներկայացնելով պարզաբանումներ, նշել են, որ ինքնաթիռի խցիկում կա էկրան, որը ցույց է տալիս խցիկի դռան մոտ ներկա մարդուն: Եվ սա է հիմք տալիս պնդել, որ երկրորդ օդաչուն ինքնաթիռը կործանել է միտումնավոր՝ հաշվարկելով իր գործողությունները:

Գերմանիայի ներքին գործերի նախարարը ասել է, որ չկա որևէ հիմք պնդելու, որ օդաչուն կապ ունի որևէ ահաբեկչական կազմակերպության հետ:

Քննչական մարմինները փորձում են ստուգել 28-ամյա գերմանացի օդաչուի հոգեբանական առանձնահատկություններն ու թռիչքին նախորդած հոգեբանական վիճակը, նաև՝ կրոնական հակումները, ընտանիքի կացությունը, նախկինում օրենքի հետ խնդիրներ ունենալու, անգամ՝ կայուն սիրային հարաբերություններ ունենալու հանգամանքները՝ տեղի ունեցածի պատճառներն ամբողջությամբ պարզելու, լրիվ և օբյեկտիվ իրավական գնահատական տալու նպատակով:

Տեղում աշխատող փրկարարները վկայել են, որ հայտնաբերել են ինքնաթիռի մանր բեկորներ: Ինքնաթիռը վայր էր ընկել ավելի քան 2000 մետր բարձրությունից: Աղետի վայր՝ ֆրանսիական Ալպերի ձյունապատ տարածք հնարավոր է հասնել միայն ուղղաթիռով:

Նախօրեին տեղի ունեցած աղետի զոհերի հարազատները դեպքի վայր են ժամանում թռիչքը սպասարկած ընկերության ինքնաթիռներով: Ընկած ինքնաթիռը պատկանում էր Germanwings ընկերությանը, որը Lufthansa-ի դուստր ձեռնարկությունն է: Lufthansa-ն երկու ինքնաթիռ է տրամադրել՝ Դյուսելդորֆից և Բարսելոնայից զոհերի հարազատներին դեպքի վայր տեղափոխելու համար: Ավիաընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ հատուցում է տրամադրելու ինքնաթիռի աղետից զոհված 150 անձանց ընտանիքներին: Նրանց թվում կան նաև երեխաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG