«Հանուն արդարության» բելառուսական շարժումը կոչ է անում՝ պետական և մասնավոր հեռուստաընկերությունները հրաժարվեն ռուսական հեռուստաալիքների հեռարձակումից:
Բելառուսական լրատվամիջոցները, վկայակոչելով շարժման մեկնաբանությունները, նշում են, որ վերջին շրջանում ռուսական հեռուստաալիքները վերածվել են «նեոկայսերական ռազմականացված ռևանշիստական խոսափողի»: Ըստ հայտարարության հեղինակների, Բելառուսի քաղաքացիները դառնում են Կրեմլի քարոզչության զոհը:
Հասարակական շարժման ներկայացուցիչներն անհանգստացած են, ասում են՝ եթե Կրեմլի քարոզչությունը շարունակվի տարածվել, վտանգները կարող են հասնել ընդհուպ Ուկրաինայի ճակատագրին արժանանալուն՝ տարածքային ամբողջականության խախտման օրինակին, ինքնավարության կորստի:
«Հանուն արդարության» շարժման ներկայացուցիչները նաև հայտարարում են, որ ռուսական ալիքները համատարած անջատելն անհավանական է Բելառուսի ներկա իշխանությունների դեպքում, այդ իսկ պատճառով երկրի ղեկավարությանը կոչ են անում գոնե պետական հաստատություններում և հասարակական վայրերում դադարեցնել մինչ այժմ լայն տարածում գտած ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը:
Շարժման ներկայացուցիչները մասնավոր հատվածից՝ վարսավիրանոցներից, սրճարաններից ևս ակնկալում են անկախ քաղաքացիական դիրքորոշում և ռուսական ալիքներից հրաժարվելու պատրաստակամություն:
Ութ ամիս առաջ Ուկրաինայի դատարանը վճռել էր դադարեցնել Ուկրաինայի տարածքում ռուսական РТР-Планета, НТВ Мир, «Россия 24» հեռուստաալիքների հեռարձակումը:
Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հարցերով ազգային խորհուրդը հայց էր ներկայացրել՝ ռուսական «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց», РТР-Планета, НТВ Мир, «Россия 24» հեռուստաալիքների հաղորդումները Ուկրաինայի տարածքում բազմաալիքային ցանցերում արգելելու վերաբերյալ: Հայցվորը նշել էր, որ այդ հեռուստաալիքների ծրագրերի բովանդակությունը չի համապատասխանում ուկրաինական և եվրոպական օրենքներին։