Երևանցիներն այսօր «Ազատության» հետ զրույցներում մեծ ցավով էին խոսում երեկ կյանքի 77-րդ տարում վախճանված թատրոնի ու կինոյի սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի մասին:
Մեջբերենք նրանց կարծիքներից մի քանիսը․
«Դա շատ ցավալի է: Կուզենայի, որ իրենց տեղը լցվեր, բայց դժվար: Նման մարդիկ չեն կրկնվում»:
«Լավ մարդ, լավ դերասան, շատ սիրված դերասան»:
«Անձամբ ճանաչել եմ, մեր վերջին մոհիկաններից էր: Շատ եմ սիրել, շատ եմ հարգել»
«Մեծ արտիստ կորցրեցինք: Եվ ցանկալի է, որ հաջորդ սերունդը ունենա նաև այդպիսի մեծություններ»:
«Ես որ իմացա, ազնվությամբ, ոնց որ իմ ախպերս մահանար: Սիրում էի իբրև մարդ, սիրում էի նրա էն Արջուկ շանը»:
Կարեն Ջանիբեկյանը աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում, նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում: Վերջին տարիներին երիտասարդական ավյունով աշխատում էր իր ստեղծած «Գուրգեն Ջանիբեկյան» թատրոնում:
Նա չէր սիրում սուտը, սիրում էր ազատությունը: Այդպես էլ ողջ կյանքն ապրեց՝ համոզված, որ աշխարհը կփրկի միայն մարդկային բարությունն ու սերը: