Մատչելիության հղումներ

Սիրիահայ գործարարները աջակցություն են խնդրում կառավարությունից


Սիրիահայ գործարարները աջակցություն են խնդրում կառավարությունից
please wait

No media source currently available

0:00 0:03:24 0:00

Կառավարությունը առայժմ կարծես մտադիր չէ դրական արձագանքել։

Սիրիահայ գործարարները բիզնեսը չկորցնելու համար աջակցություն են խնդրում կառավարությունից՝ հայտարարելով, թե հակառակ դեպքում ստիպված կլինեն դադարեցնել հայրենիքում սկսած գործն ու շատերի նման համալրել գործազուրկների շարքը։

Պատերազմից հետո հայրենիք տեղափոխված տեքստիլագործ Հրաչ Բալ Մանուկյանը շատերի նման հազիվ է պահում արտադրությունը։ Ասում է, թե իրենց շրջապատում գնալով ավելանում են «սև ցուցակում» հայտնված գործարարները։

«Էս ընթացքում ինձ նման շատերն ունենալու են այս խնդիրը։ Երևի 50-150 հոգի նույն խնդիրը պիտի ունենա։Ես 28 հոգանոց աշխատող խումբ ունեմ։ Պատկերացնում եք՝ դու 5 միլիոն ունես, ինչքա՞ն կհերիքի աշխատավարձը 28 հոգու համար... հոսանք, գազ, աշխատավարձ, վարձ, հումք... ինչքա՞ն կհերիքի։ Այսօր մինիմալ աշխատավարձը Երևանում 80 հազար է»,- ասում էր գործարարը։

Անցած երկու տարիներին Հայաստան տեղափոխված շուրջ 70 սիրիահայերի կառավարությունն արտոնյալ պայմաններով վարկեր է տրամադրել։

Ոսկերիչ Վահե Չախլասյանն, օրինակ, այդ գումարով կարողացել է Հալեպից բերած գործը վերաբացել և անգամ մի քանի աշխատող ընդունել։ Հիմա ամսական ավելի քան 90 հազար դրամ է վճարում՝ որպես տոկոսադրույք, ասում է, թե եկամուտները հազիվ են բավարարում վարձով բնակվելու, ապրուստի համար, արդյունքում՝ բիզնեսը շարունակելու գումար չի մնում։

«Բիզնեսը չենք կարողանում այդ մակարդակին հասցնել, եկամուտները շատ չեն, մեր ծախսը նորմայից ավելին է»,- ասում է Չախլասյանը։

Հալեպում տուն-տեղը, գործը թողած Չախլասյանը սկզբում մեծ հույսեր է ունեցել։ Համենայնդեպս, նրան ու գործընկերներին վստահեցրել են, թե ամեն ինչ կանեն՝ շուկան ընդլայնելու, այդ թվում և ռուսաստանյան շուկայի դռները նրանց առջև բացելու համար։ Բայց, ինչպես գործարարն է պնդում, աչքը դեռ Ռուսաստանի ոսկու շուկայի ճանապարհին է։

«Մեր աչքը Ռուսաստանի վրա է, հսկա շուկա է»,- ասում է նա։

Սիրիահայերը պատմում են, որ Հալեպում սկսնակ գործարարները մի քանի տարով ազատվում էին բոլոր հարկերից։ Հայաստանում, սակայն, հենց առաջին ամսից վարկի ու հարկերի վճարման պահանջներ են ներկայացվել։ Բիզնեսը կորցնելու վտանգի առջև կանգնած սիրիահայերը խնդրում են կառավարությունից վեց ամսով սառեցնել տոկոսադրույքների վճարումը.- «Մեր հաշվարկները կհստակեցնենք, հանգիստ գումար կդնենք՝ շուկա գտնելու համար։ Կգնանք Ռուսաստան, ինքներս մի բան գտնելու համար։ Հիմա չենք կարող ուրիշ ծախսեր անել, ռեկլամ անել կամ նման մի բան»,- ասում է Չախլասյան։

Կառավարությունը առայժմ կարծես մտադիր չէ դրական արձագանքել։ Սփյուռքի նախարարության սիրիահայերի հարցերով ձևավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը, համենայնդեպս, «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ կառավարությունն անգամ իր հնարավորություններից ավելին է արել սիրիահայերի համար։

«Արդեն քանի տարի է խոսում ենք, թե ինչ արտոնություններ և աջակցություն է տրվել նրանց, գլխավոր հարցերը լուծված են՝ առողջապահական, կրթական և այլն, բայց գլխավոր խնդիրներից մեկը մնում է նրանց աշխատանքի տեղավորման, արտադրական գործունեություն ծավալելու հնարավորություն ստեղծելու հարցը, որի համար մեր կառավարությունը գնաց այդ քայլին և բավականին մատչելի գնով հնարավորություն ստեղծեց, որ նրանք ստանան վարկեր»,- ասաց Զաքարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG