Մատչելիության հղումներ

Բիլդտ․ «Բրյուսելը Ռուսաստանի հարցում քնած էր մնացել»


Կարլ Բիլդտ, արխիվ, Թբիլիսի, 30 հունիսի, 2014թ.
Կարլ Բիլդտ, արխիվ, Թբիլիսի, 30 հունիսի, 2014թ.

Բրյուսելում տեղի է ունեցել Մարշալի հիմնադրամի տարեկան հավաքը, որի մասնակիցներից Շվեդիայի նախկին արտգործնախարար Կարլ Բիլդտը «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակին տված բացառիկ հարցազրույցում խոսել է Ռուսաստանի նկատմամբ վարած քաղաքականության հարցում Եվրոպական միության սխալների, առաջիկայում նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր գործողությունների, ինչպես նաև Արևելյան գործընկերության մասին։

«Կարծում եմ, Եվրամիությունը պետք է ավելի խիստ քայլեր ձեռնարկեր, երբ հասկանալի դարձավ, որ Ռուսաստանը 2013-ի ամռանը սկսել է խախտել կանոնները։ Երբ ռուսները տնտեսական պատժամիջոցներ սահմանեցին Ուկրաինայի նկատմամբ, հիշում եմ, ես և Լեհաստանի նախկին արտգործնախարար Ռադեկ Սիկորսկին ահազանգում էինք, բայց Բրյուսելը, կարծես, քնած էր մնացել։ Արդյո՞ք եթե մեզ լսեին` բան կփոխվե՞ր, չգիտեմ, սակայն Եվրամիության արձագանքը միանշանակ սխալ էր»,- ասել է Բիլդտը։

Լեհաստանի և Շվեդիայի նախկին արտգործնախարարներ Սիկորսկին և Բիլդտը համարվել են Արևելյան գործընկերության նախաձեռնության ջերմ ջատագովներ և Ռուսաստանի նկատմամբ կոշտ քաղաքական քայլերի կողմնակիցներ։

Արդյո՞ք Եվրամիությունը շարունակում է արժևորել Արևելյան գործընկերությունը և նույն խստությունը դրսևորում Ռուսաստանի ղեկավարի հանդեպ։

«Արևելյան գործընկերությունը կարևորությունը չի կորցրել, մեր նվիրվածությունը չի փոխվել։ Ես դա կասկածի տակ չեմ առնում։ Ռուսաստանի հարցում ես և Սիկորսկին, կարծես, զգում էինք, թե ինչ կարող է անել Պուտինը, որ ուղղությամբ կգնա: Կարծում եմ, այսօր բոլոր մնացած գործիչները հասկացել են, թե ինչ էինք մենք կանխատեսում, ինչի մասին էինք նախազգուշացնում։ Կային մարդիկ, ովքեր ենթադրում էին, թե Պուտինը այս չի անի, այն չի անի, իսկ նա ինչ ուզում՝ անում էր: Ավաղ, մենք ճիշտ էինք»,- ասել է Բիլդտը։

Շվեդիայի նախկին արտգործնախարարի կարծիքով, Ռուսաստանը տակավին անկանխատեսելի քաղաքականություն է վարում։

«Պուտինն իր հրասայլերին կհրամայի՞ շարժվել դեպի Օդեսա կամ Կիև՝ չեմ ասի, թե դա բացառվում է, բայց այս պահին հավանական չէ։ Մենք փորձո՞ւմ ենք ավելի ուշադիր լինել, հասկանալ նրա ապագա քայլերը: Այո՛, հիմա ավելի ուշադիր ենք, սակայն պետք է էլ ավելի զգոն լինենք»,- ասել է Բիլդտը։

Նրա կարծիքով, առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Պուտինը զգուշավոր քայլեր կանի, հուսալով, որ այդ ընթացքում Դոնբասի անջատականները կամրապնդեն իրենց դիրքերը, Արևումտքի շարքերում էլ պառակտում կսկսվի, որը հնարավոր կլինի օգտագործել, իսկ եթե նորից ակտիվ միջամտի Ուկրաինայում, ապա անպայման կպնդի, թե Կիևը խախտում է Մինսկի համաձայնությունը։

Դառնալով Արևելյան գործընկերության հարցին՝ Բիլդտը նշել է, որ Եվրամիության հետ ինտեգրվելու ճանապարհ ընտրած Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային հնարավորինս ակտիվորեն սատարելուց բացի, Բրյուսելը պետք է հստակեցնի քաղաքականությունը, որը վարելու է երեք մնացած պետությունների նկատմամբ։

«Կարևոր է հասկանալ` ի՞նչ անել Հայաստանի հետ, ինչպե՞ս վերաբերվել Ադրբեջանին և Բելառուսին, որտեղ, մեղմ ասած, անտարբերություն է մարդու իրավունքների ոլորտում։ Այս հարցերը լուծում են պահանջում»,- ասել է Կարլ Բիլդտը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG