Մատչելիության հղումներ

Ծառուկյանի հեռանալը բացեց քաղաքական ընդդիմադիր հատվածի շունչը․ Արմեն Աշոտյան


Տեսակետների խաչմերուկ, 21 մարտ, 2015թ
please wait

No media source currently available

0:00 0:26:30 0:00

ՀՀԿ փոխնախագահի խոսքով, դասական քաղաքական ակտիվության պարագայում կարող են համարել, որ խնդիրը լուծել են ամբողջ քաղաքական վերնախավի համար:

«Ազատություն»․ - Փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ հայտարարվեց, թե պարտավոր ենք քաղաքական դաշտը կրկին դարձնել զուտ քաղաքական գործիչների հարթակ, քաղաքականությունը մաքրել տգիտությունից և գործընթացները վերադարձնել մտավոր դաշտ: Մի գործչի մասով դա ձեզ հաջողվեց՝ ձեր մրցակից: Հիմա ժամանակը չէ՞, որ հանրապետականը հայացքը ուղղի դեպի իր իսկ շարքերը:

Արմեն Աշոտյան․ - Իրականում զարմանալի է, որ դրանից հետո հնչած հրապարակային ելույթների պարագայում՝ և Գագիկ Ծառուկյանի, և «Բարգավաճ Հայաստան»-ի այլ ներկայացուցիչների նման տեսակի գնահատականներ, ինչպիսին, որ տրվել է ՀԱԿ-ի կողմից, չեն հնչել: Առաջին հայացքից տարօրինակ է թվում, որ ՀԱԿ-ը ավելի Բարգավաճ է, քան Բարգավաճը ինքը, և այստեղ ակնհայտ է, որ գուցե շատ ու շատ քաղաքական շրջանակների պլաններ ու նախագծեր են խառնվել իրար, հատկապես այն քաղաքական շրջանակների, որոնք քաղաքական, բառը կոպիտ կհնչի, բայց տեղին է, մակաբուծության տարրեր էին դրսևորում արդեն՝ կպնելով իրենցից ավելի մեծ և ուժեղ միավորների՝ դրա հաշվին գոյատևելով: Դա սիմբիոզ չէր իրականում, դա հենց այն երևույթն էր, ինչ որ ես ասացի:

Ինչ վերաբերում է մեր կուսակցության տրանսֆորմացիային, կարծում եմ, անգամ անզեն աչքով է տեսանելի, թե ինչ հսկայական ճանապարհ է անցել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ներկուսակցական բարեփոխումների, ժողովրդավարության, որոշումների կայացման գործընթացների բարելավման, շարքերի հետ աշխատանքի և այլն: Այստեղ, իհարկե, մեզ մեծապես օգնել է մեր անդամակցությունը Եվրոպայի Ժողովրդական կուսակցությանը, և այդ գործընթացը շարունակվելու է: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ինքն է նախ և առաջ շահագրգիռ, որ իր զարգացումների մեջ համապատասխանի, մի կողմից, քաղաքական համակարգի պահանջներին, մյուս կողմից՝ չկորցնի իր կապը այն մարդկանց հետ, ում համար աշխատում է՝ իր քաղաքացիների հետ:

«Ազատություն»․ - Հայտարարվեց հունվարի 12-ի նիստում, որ տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին, և Սերժ Սարգսյանը հորդորեց վարչապետին մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին: Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականությունից հեռանալու վերաբերյալ հայտարարությունից այս ամենը արդեն մնում է հետևո՞ւմ: Հետաքրքիր է, քանի որ դուք ինքներդ ուղղակի մասնակցություն ունեցաք․․․Դուք շարունակում եք պնդել այն, ինչ որ ասել էիք, օրինակ՝ օլիգարխը, երբ որ միաժամանակ օլիգոֆրեն է, դա դառնում է լուրջ սպառնալիք: Շարունակելո՞ւ եք Ծառուկյանին դիմել մականունով:

Արմեն Աշոտյան․ - Այդ ամբողջ ժամանակահատվածը պետք է դիտարկել բացառապես քաղաքական ենթատեքստում: Չեմ կարող ասել քաղաքական բանավեճ, որովհետև որոշակի էմոցիաներ նաև տեղի տվեցին, բայց այնուհանդերձ, դա ամբողջությամբ քաղաքական գնահատականների համատեքստում պետք է դիտարկել: Հետևաբար, երբ որ ավարտվել է այդ փուլը, փորձել հիշել, թե հակամարտության ժամանակ ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ և ինչպե՞ս է ասել, սխալ է: Հետևաբար, այդ ժամանակահատվածում իմ հասցեին հնչած գնահատականներն էլ, որոնց մի մասը կեղծանուններով էր, մի մասը՝ հենց ուղիղ, ես համարում եմ, որ այդ փուլը, այդ էջը մենք այլևս շրջել ենք, և հատկապես պետք է շեշտել, որ այդ գործընթացի արդյունքում մենք ունեցանք քաղաքական նոր շունչ: Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից, և ակնհայտ է, որ դա բացեց քաղաքական ընդդիմադիր հատվածի շունչը:

«Ազատություն»․ - Գնահատական կա, որ փոշիացվել է․․․

Արմեն Աշոտյան․ - Ո՞վ է այդ փոշին: Նիկոլ Փաշինյանը ստեղծում է քաղաքական միավոր, օրերս հայտարարեց, «Օրինաց երկիր» կուսակցությունը ակտիվ զբաղված է, իր երկրորդ շունչն է բացել և նորից զբաղված է ակտիվ հրապարակային քաղաքականությամբ: Իր նախագծերը իմանալով՝ կարող եմ կռահել, որ դա ԲՀԿ-ի հնարավոր էլեկտորալ հատվածի վրա աշխատանքի շնորհիվ է: Ակնհայտ է, որ այս քաղաքական գործընթացները դրական են, անկախ նրանից՝ մենք կիսում ենք այդ մարդկանց , քաղաքական ուժերի տեսակետները, թե ոչ: Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանը, հեռանալով քաղաքականությունից, դաշտ բացեց դասական քաղաքականության համար: Դասական քաղաքական ակտիվության պարագայում մենք կարող ենք համարել, որ խնդիրը լուծել ենք ոչ այնքան ՀՀԿ-ի համար, որքան ամբողջ քաղաքական վերնախավի համար: Քաղաքականության մեջ իրենց գործունեությունը պատկերացնող մարդկանց համար:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG