Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր իրավական հիմքը մշակելու համար մտքերի փոխանակման փուլը օրերս ավարտվել է, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում հայտարարեց Եվրամիության արտաքին գործերի վարչության պետի տեղակալ Անտոնիո Մարտինսը՝ նշելով, որ իրենք արդեն պատրաստ են Հայաստանի հետ նոր բանակցությունների մանդատ տալու համար դիմել եվրոպական կառույցներին:
Նախ առաջարկ կներկայացվի Եվրոպական հանձնաժողովին: Իր հերթին հանձնաժողովը արդեն այս ամիս հնարավոր է առաջարկն ուղարկի Եվրոպայի խորհրդին։
«Եվրոպայի խորհրդում մոտ 2-3 ամիս կպահանջվի քննարկումների համար՝ թերևս մինչև հունիս: Իսկ թե որքան բանակցությունները կտևեն, կախված կլինի կողմերից»,- ասաց Մարտինսը.- «Ենթադրում եմ, որ բանակցությունները երկար չեն տևի, քանի որ Ասոցացման նախկին համաձայնագիրը կօգտագործվի որպես մեկնակետ, այսինքն այն ժամանակը, որ ծախսել ենք Ասոցացման համաձայնագրի բանակցությունների վրա, ամբողջովին կորսված չէ, շատ ոլորտներ կան, որ կարող են օգտագործվել նոր համաձայնագրում»։
Մարտինսը անգամ չբացառեց, որ մինչև այս տարվա ավարտը այդ բանակցությունները կարող են ավարտվել, սակայն դա ընդամենը կարծիք է, շեշտեց եվրոպացի պաշտոնյան։
Անտոնիո Մարտինսը հարկ համարեց շեշտել, որ նախորդ մանդատը չի կարող օգտագործվել նոր բանակցությունների համար, որ ամենայն հավանականությամբ կսկսվեն արդեն այս տարի, քանի որ նախորդ մանդատը տրված էր Ասոցացման և ազատ առևտրի գոտու համաձայնագիր պատրաստելու համար:
«Որոշ մարդիկ մտածում էին, որ բավական էր միայն անջատել Ազատ առևտրի համաձայնագրի մասը և ստորագրել միայն քաղաքական հատվածը: Սակայն դա շատ պարզունակ մոտեցում է: Նոր իրավական հիմքերը չեն բացառելու առևտուրը, այլ ներառելու են, սակայն՝ այլ պայմաններով: Դրանք պետք է համապատասխանեն Հայաստանի ստանձնած նոր իրավական պարտավորություններին, սակայն մենք դեռ ունենք ոլորտներ, որտեղ կարող ենք խորացնել համագործակցությունը»,- ասաց եվրոպացի պաշտոնյան։
«Ամենայն հավանականությամբ, նոր իրավական հիմքերը առևտրի մասով անգամ կներառեն այնպիսի ոլորտներ, որ չկային Ազատ առևտրի գոտու համաձայնագրում, օրինակ ներդրողների պաշտպանվածությունը։ Այսինքն դա չի նշանակում, որ մենք ինչ-որ ոլորտներ հանում ենք համագործակցությունից, սա նշանակում է, որ մենք փոփոխում ենք առևտրի բաղադրիչը՝ արտոնյալ համաձայնագրից դարձնելով ոչ արտոնյալ ու անգամ նոր ոլորտներ ավելացնում երկկողմ առևտրային հարաբերություններին»,- հավելեց Մարտինսը։
Բացի այդ բանակցություններ կսկսվեն նաև համագործակցության այլ ոլորտներում, հայտարարեց Մարտինսը, օրինակ, հնարավոր է ապագայում ավիացիայի ոլորտում համաձայնագիր ունենալ, նաև վիզայի ազատականացման հարցում խորացնել հարաբերությունները:
Իր խոսքում արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ասաց, որ Եվրամիության հետ համագործակցության հաջորդ փուլի նպատակը մուտքի արտոնագրից հրաժարումն է։
Հարցին, թե ե՞րբ պատրաստ կլինի ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր համաձայնագիրը, Նազարյանը պատասխանեց, որ նոր համաձայնագրի մասին դեռ վաղ է խոսելը, ավարտվել է միայն մտքերի փոխանակման փուլը, որը պետք է գծագրի Հայաստանի և Եվրամիության հետագա հարաբերությունների իրավական հիմքը: Սա փոխարտգործնախարարի խոսքով՝ կարելի է ձեռքբերում համարել, Հայաստանի նոր պարտավորություններն էլ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ Եվրամիության հետ հարաբերություններին չեն խանգարում։
«Մտքերի փոխանակման նպատակը հենց ի հայտ բերելն էր համատեղելիությունը»,- ասաց Նազարյանը։