Գագիկ Ծառուկյանը չի զրկվի պատգամավորական մանդատից, այսօր «Ազատությանը» փոխանցեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։
«Արդեն ընդհատել եմ ուսումնասիրությունները և որոշումս հետևյալն է, որ Գագիկ Ծառուկյանը մանդատի խնդր չի ունենա»,- ասաց Սահակյանը։
Այս որոշումը հայտնելուց հետո ԱԺ նախագահը հենց ինքն էլ շտապեց տեղեկացնել, որ Ծառուկյանին մանդատից զրկելու բոլոր իրավական հիմքերը կային.- «Եթե հաշվի ենք առնում նաև Սահմանադրական դատարանի որոշումը, բացակաները անհարգելի են»,- ասաց նա։
Հարցին՝ ինչո՞ւ իշխանությունը միտքը փոխեց, և ինչպե՞սԾառուկյանի անհարգելի բացակայությունները հանկարծ դարձան հարգելի, Սահակյանըպատասխանեց.- «Իշխանությունները երբեք չեն փոշմանում, դա իմ որոշելու խնդիրն է, առավել ևս այսօր էլ պարզ է, երբ խոսում եմ, տարբեր մտածողության լրագրողներ կան և քաղաքական ուժեր, պիտի փորձեն յուրաքանչյուրը իր գնահատականը տալ»։
Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը առաջին անգամ բարձրացրել նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ գործադիր մարմնի հայտնի ելույթում պնդելով, թե անցած մեկ տարվա ընթացքում Ծառուկյանը խորհրդարանի 145 նիստերից միայն 4-ին է մասնակցել, արհամարհել է իր ընտրողներին, և որ Հանրապետականը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար:
«Ազատության» հարցին , թե արդյոք Ծառուկյանին այսքանից հետո մանդատից չզրկելու որոշումը համաձայնեցվել է նախագահի հետ, Գալուստ Սահակյանն ասաց, որ դրա կարիքը չի տեսել: Իսկ շարունակո՞ւմ է Ծագիկ Ծառուկյանը չարիք մնալ Հանրապետականի համար հարցին Սահակյանն ուղիղ պատասխան չտվեց։
«Չարիքը... խոսքը վերաբերում է ընդհանուր երևույթներին և իրողություններին, այսինքն դա կոնկրետ էսպես անձնավորված չի կարելի ենթադրելի համարել»,- ասաց խորհրդարանի նախագահը։
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նույնպես խուսափեց պատասխանել, թե ի վերջո Ծառուկյանը Հանրապետականի համար չարիք է, թե՝ ոչ, սակայն վստահ է՝ Գալուստ Սահակյանը իրավական տեսանկյունից սխալ որոշում չէր կայացնի։
«Եվ եթե իրոք լինեին այն փաստարկները, որ նա պետք է իր մանդատը վայր դներ, այդ որոշումը կկայացներ ԱԺ նախագահը»,- ասաց Բաղդասարյանը։
ԲՀԿ խմբակցության խոսնակ Վահան Բաբայանը չի ցանկանում մեկնաբանել Գալուստ Սահակյանի որոշումը, միայն նշում է՝ սա բնական էր, այսպես էլ պետք է լիներ։ Ըստ Բաբայանի՝ ժամանակը ցույց կտա, ինչի համար և ում դեմ էին ուղղված անցնող մեկ ամսվա ընթացքում իշխանության կողմից հնչող սպառնալիքները կամ հայտարարությունները։
«Մենք այն ժամանակ էլ նշել էինք, որ պարոն Ծառուկյանի բացակայությունների հետ կապված տեղեկանքներ են ներկայացվել ԱԺ նախագահին, որոնք համարվել են հարգելի։ Ուսումնասիրություններ եղել, և բնական էր, որ հարգելի բացակայությունները չէին կարող անհարգելի դառնալ»,- ասաց ԲՀԿ-ի խոսնակը։