Մատչելիության հղումներ

Վիտալի Բալասանյանը ԼՂ ԱԺ ընտրություններում կգլխավորի «Շարժում 88»-ի համամասնական ցուցակը


Վիտալի Բալասանյանը ԼՂ ԱԺ ընտրություններում կգլխավորի «Շարժում 88»-ի համամասնական ցուցակը
please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00

Այս կուսակցությունը երկրորդ ոչ իշխանական ուժն է մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Ղարաբաղի նախագահի ընդդիմադիր թեկնածու Վիտալի Բալասանյանը առաջիկա ընտրություններին կգլխավորի «Շարժում 88»-ի համամասնական ցուցակը: Այս կուսակցությունը երկրորդ ոչ իշխանական ուժն է մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Ընդամենը երեք տարի առաջ իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Ղարաբաղի իշխանություններին անողոքաբար քննադատող և իրեն միակ ընդդիմադիր ուժ համարող Բալասանյանը առայժմ չի հստակեցնում, թե ինչպիսի կեցվածքով է հանդես գալու խորհրդարանում: Հայտնի է, սակայն, որ «Շարժում 88» կուսակցությունը, որին Բալասանյանը չի անդամակցում, միակ կուսակցությունն էր, որ նախագահական ընտրություններին պաշտպանեց նրա թեկնածությունը:

«2012 թվականի նախագահական ընտրություններին միակ, եզակի կուսակցությունն է եղել Ղարաբաղում, որ պաշտպանել է իմ թեկնածությունը և հավանության է արժանացրել իմ ծրագիրը: Եվ այս անգամ Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունը շարունակել է իմ ծրագրին հավանություն տալ, և ես ոչ թե պարտադրված, այլ բարոյական եմ համարել այդ կուսակցության հետ մասնակցել ԱԺ ընտրություններին, քանի որ այդ կուսակցությունն ընդունել է իմ ծրագիրը», - ասաց Բալասանյանը:

Նախագահական ընտրություններում պարտություն կրելուց հետո, թիկունքին համակիրների մի քանի տասնյակ հազարանոց բանակ ունենալով, Բալասանյանը խոստացավ կուսակցություն ստեղծել, ավելին՝ «այդ կուսակցության միջոցով ստիպել իշխանություններին չշեղվել իրենց որդեգրած քաղաքական, սոցիալական, արտաքին կուրսից»։

Ժամանակին Բալասանյանը հայտարարում էր, որ դա է լինելու իրենց առաջնահերթ խնդիրը, սակայն մինչ օրս այդպես էլ կյանքի չի կոչել այդ խոստումը: Փոխարենը նա հայտարարում է, որ բաց է մայիսին կայանալիք ընտրություններին մասնակցող մյուս ընդդիմադիր կուսակցության՝ «Ազգային վերածնունդ»-ի հետ դաշինք կազմելու համար:

«Ինչ վերաբերում է «Ազգային վերածնունդ» կուսակցությանը, բավականին երիտասարդներ գիտեմ, որ կան այդ կուսակցության շարքերում, բայց որևէ մեկը ինձ չի դիմել, որպեսզի մենք միասին դաշինք կազմենք: Տարբեր լուրեր ձևով, տարբեր մարդկանցով, փորձել են․․․Բայց, ճիշտն ասած, ես չեմ ընդունում, որպեսզի տարբեր մարդկանց անուններով խոսեն, որ, այսպես ասած, ըստ ձեզ, ընդդիմությունը միանա, և չի եղել որևէ կուսակցության․․․Դռները բոլորի համար բաց են առ այսօր», - ընդգծեց Վիտալի Բալասանյանը:

Հարցին, թե արդյոք մտահոգություններ չկա՞ն, որ եթե ընդդիմությունը չմիավորվի, ընտրողների բողոքական հատվածը կմասնատվի, Բալասանյանը պատասխանեց, թե 2012-ի նախագահական ընտրություններին մեծամասնությունն իրեն է ընտրել, քանի որ հավանել է իր նախընտրական ծրագիրը:

«Ինձ նախագահական ընտրություններին ձայն է տվել, չի կարելի ասել, դժգոհ մասսան, եղել են դժգոհ մասսայից, իհարկե, դա բոլոր երկրներում էլ կա, բայց ես համոզված եմ, որ մեծամասնությունը ոչ թե դժգոհ էր, այլ իմ ծրագրին է հավանություն տվել և ինձ համակրում է, որպես մարդ», -նշեց նա:

Անդրադառնալով Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձի մասին լուրերին՝ Բալասանյանն ասաց, թե Բաբայանը մեծ ներդրում ունի Ղարաբաղի պաշտպանության, ազատագրման գործում: Ծանր է տանում, որ նա Ղարաբաղում չի բնակվում, ասում է՝ օր առաջ իր ընտանիքով պետք է վերադառնա այստեղ ապրելու, սակայն վստահ չէ, որ նա վերադառնում է՝ միավորելու ընդդիմությանը:

«Սամվել Բաբայանը իմ հետ որևէ կապ չի պահում, որևէ մի անգամ իմ հետ թե՛ հեռախոսազրույց, թե՛ անհատական զրույց չի եղել, ընդհանրապես վերջին տարիներին չեմ հանդիպել, չեմ խոսել և ճիշտ չէր լինի Սամվել Բաբայանը վերադառնար և զբաղվեր քաղաքականությամբ, որովհետև իր այս երկար բացակայությունը չի խոսում, որպեսզի ինքը մասնակցի Ղարաբաղի ներքաղաքական զարգացումներին: Ո՞վ է ասում, որ Սամվել Բաբայանը հայտարարություն է արել, որ վերադառնում է և զբաղվի քաղաքականությամբ և պետք է ընդդիմությունը համախմբի, կամ այսօրվա իշխանությունը ի՞նչ վատություն է արել Սամվել Բաբայանին, որ ինքը մտածում է, որպեսզի ընդդիմությունը համախմբի, այլ ոչ թե գա, իշխանության կողքին կանգնի ու օգնի այս վիճակից դուրս գան, մանավանդ երբ սահմանում տեսնում ենք ամեն օր ինչ է կատարվում», - ասում է Վիտալի Բալասանյանը:

Նա կոչ է անում իշխանություններին ամեն ինչ անել այս ընտրություններն ազատ ու արդար անցկացնելու համար, հատկապես, երբ այս ամռանը Ադրբեջանում Մինի Մեջլիսի ընտրություններ են սպասվում:

«Հանրապետության նախագահը, իշխանություններն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղում այս ընտրությունները լինեն ոչ թե ազատ, ոչ արդար, այլ ազատ ու արդար: Սա պատմական շանս է, և նրանք ովքեր կփորձեն վարչական ռեսուրսներով, տարբեր մեթոդներով ընտրախախտումներ անեն, կընկնեն պատմության աղբանոցը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG