Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն գործելու է կառուցողական ընդդիմության դաշտում


ԲՀԿ-ն գործելու է կառուցողական ընդդիմության դաշտում
please wait

No media source currently available

0:00 0:02:50 0:00

«Բարգավաճ Հայաստանը» գործելու է կառուցողական ընդդիմության դաշտում, խմբակցության նիստի ավարտին հայտարարեց պատգամավոր Ստեփան Մարգարյանը։

«Եթե գնահատեմ տերմիններով, մեր գործունեությունը եղել է մշտապես կառուցողական ընդդիմադիր դաշտում, և մենք շարունակելու ենք այն ամենին, որին համաձայն չենք, ոչ միայն ասենք, որ դա վատ է, այլ նաև ինչն է լավը դրա փոխարեն»,- ասաց Մարգարյանը։

Ի՞նչ ասել է կառուցողական ընդդիմություն. Իր պատկերացումները ներկայացրեց Միքայել Մելքումյանը.- «Կառուցողական կարող է լինել այն իմաստով, որ ինչ-որ մի փուլում դու ավելի ակտիվ սկսես օրենսդրական աշխատանքով զբաղվել, ինչ-որ մի փուլում դու կարող է մարզերում, տեղերում մարդկանց հետ շփվես, ինչ-որ մի փուլում կարող է միտինգ էլ անես, բայց դա կատարելու տրամաբանությունը ելնում է քո առջև դրված կոնկրետ խնդիրներից, պահանջներից»։

Հարցին, թե այժմ ԲՀԿ-ի համար ո՞ր փուլն է, Մելքումյանը պատասխանեց.- «Ուզո՞ւմ եք անկեղծ ասեմ, գնում ենք 2017 թվականի ընտրություններին»։

Մելքումյանի փոխանցմամբ՝ հրաժարականներ այս պահին չեն պահանջի, իշխանափոխության խնդիր չեն դնի, հանրահավաքներ անցկացնելու որոշում չունեն։

«Կուսակցական աշխատանքով որոշումները կայացնում է կուսակցության մարմինը։ Դրա [հանրահավաքի] մասին մենք դեռևս որոշում չունենք։ Հենց լինի, կասենք, որ որոշում ունենք էսինչի մասին»,- ասաց պատգամավորը։

Մենք ինչ ասել ենք, դրա տերն ենք, պնդեց Ստեփան Մարգարյանը և հավելեց՝ նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իրենց դիրքորոշումը։ ԲՀԿ-ն նախկինում ասում էր՝ իշխանությունը փոփոխությունները նախաձեռնել է մեկ՝ վերարտադրման նպատակով, ուստի հարցը քննարկել անգամ չէին ուզում։ Սերժ Սարգսյանի հետ հանդիպած Ստեփան Մարգարյանը, սակայն, այսօր ասաց՝ «Սահմանադրությունը շատ լուրջ փաստաթուղթ է, ուստի ճիշտ է սկզբունքային անհանգստությունները փոխանցել բարեփոխումները նախաձեռնած առաջին դեմքերին», չնայած Սերժ Սարգսյանը չի փարատել վերարտադրման մասին նրանց կասկածները։

«Այդպիսի խոսակցություն չի եղել»,- ասաց Մարգարյանը։

ԲՀԿ-ն այսօր հավաքվել էր ընտրելու խմբակցության նոր ղեկավար և քարտուղար։ ԲՀԿ նախագահի պաշտոնում Գագիկ Ծառուկյանին փոխարինած Նաիրա Զոհրաբյանը նաև խմբակցությունը կղեկավարի, քարտուղարի պարտականությունները կկատարի Վահե Էնֆիաջյանը։

Երբեմնի 36 հոգանոց ԲՀԿ խմբակցությունն այսօր դե ֆակտո 24 պատգամավոր ունի։ 11 ԲՀԿ-ականներ կուսակցությունից դուրս գալու դիմումներ են գրել։ Այժմ ԲՀԿ-ում կարող են «բացակա դնել» նաև Ծառուկյանին։ Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, երբ Ծառուկյանը հայտարարում էր, որ ինքը ԲՀԿ-ի հետ այլևս կապ չունի, ենթադրվում էր, որ դադարեցնում է նաև կուսակցությունում և ԱԺ համանուն խմբակցությունում իր անդամությունը։

ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը կարծում է՝ խմբակցությունից պատգամավորների արտահոսքը կանգ առավ.- «Ես այսօր պաշտոնապես կարող եմ ասել, որ ֆորս մաժորն ավարտվեց»։

Ի դեպ, կառավարությունն այսօր հավանություն է տվել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում ԲՀԿ-ականներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի առաջարկած փոփոխություններին։ Ընդդիմադիրների նախաձեռնությամբ կկրկնապատկվի ավանդների փոխհատուցումը։

XS
SM
MD
LG