Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկը կոչ է արել Եվրոպական միությանը երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և ավելի խստացնել դրանք, եթե Մոսկվան չիրագործի Միսնկում ձեռք բերված պայմանավորվածությունները Ուկրաինայի արևելքում շարունակվող ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ:
Ելույթ ունենալով Բրյուսելում մարտի 19-ին՝ Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո, Յացենյուկը նաև կոչ է արել Եվրամիության երկրներին միասնականություն ցուցաբերել Ռուսաստանի հետ կապված հարցերում, քանի որ, նրա խոսքով, ԵՄ անդամների միջև համաձայնության բացակայությունը «նախագահ Պուտինի ամենամեծ հաջողությունը կլինի, և դա աղետ կդառնա ողջ ազատ աշխարհի համար»:
Այսօր ավելի ուշ Եվրամիության առաջնորդները հանդիպում են՝ քննարկելու Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները մինչև դեկտեմբեր երկարաձգելու հարցը: Եթե երկարաձգման որոշում չկայացվի՝ պատժամիջոցները կավարտվեն հունվարին:
Յացենյուկը նաև հույս է հայտնել, որ Եվրամիությունը կպաշտպանի Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու՝ Ուկրաինայի կառավարության առաջարկը:
Մարտի 18-ին Ուկրաինայի խորհրդարանը բանաձև է ընդունել, կոչ անելով Եվրամիությանը և Միացյալ ազգերի կազմակերպությանը խաղաղապահ զորախումբ տեղաբաշխել Ուկրաինայի կառավարական զորքերի և ապստամբների միջև՝ որպես փետրվարի 12-ին Մինսկում կնքված հրադադարի համաձայնագրի կատարման երաշխիք: