Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը


ԱՄՆ-ի ավելի քան 40 կոնգրեսական միացել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին:

Կապիտոլիումի առջև կայացած միջոցառման ընթացքում Միացյալ Նահանգների մի շարք կոնգրեսականներ ներկայացրեցին Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը:

Կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ռոբերտ Դոլդը, Դեյվիդ Վալադաոն և Ֆրանկ Փալոնը ներկայացրեցին «Հայոց ցեղասպանություն՝ ճշմարտություն և արդարություն» վերնագրված 1-5-4 բանաձևը:

«100 տարի է անցել այն օրերից, երբ 1,5 միլիոն տղամարդ, կին և երեխա անմարդկայնորեն ոչնչացվեցին Օսմանյան Կայսրությունում միայն այն բանի համար, որ հայ էին», - նշեց Ադամ Շիֆը:

Կոնգրեսական Շիֆը նշեց, որ բանաձևում ԱՄՆ-ի նախագահ Օբամային կոչ է արվում Հայաստանի և Թուրքիայի ղեկավարության հետ աշխատանքներ սկսել, Ցեղասպանության փաստի լիարժեք ճանաչման վրա հիմնվելով, երկկողմ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Խոսելով բանաձևի ընդունման հնարավորությունների մասին՝ Ադամ Շիֆն ասաց, որ այն հաջողությամբ ընդունվելու մեծ հնարավորություններ ունի. - «Մեզ անհրաժեշտ է ստանալ Կոնգրեսի առաջնորդների աջակցությունը, և հույս ունենք, որ դա մեզ կհաջողվի»:

Այժմ Հայոց ցեղասպանության պատմական փաստի ընդունման լավագույն պահն է, համոզված է կոնգրեսական Ռոբերտ Դոլդը:

«Մինչ աշխարհի հայացքը սևեռված է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից անմեղ մարդկանց դաժան սպանությունների վրա՝ անհրաժեշտ է ճանաչել անցյալի սարսափելի էջերը, որպեսզի զերծ մնանք ապագայում դրանց կրկնվելուց», - նշեց Դոլդը:

Կոնգրեսականի խոսքով, Թուրքիայի ժխտողականությունն ապագա սպանությունների հնարավորությունն է ավելացնում. - «Հենց այդ ժխտողականությունը թույլ տվեց Հիտլերին հայտարարել, թե այսօր ո՞վ է հիշում հայերի ոչնչացման մասին»:

1-5-4 բանաձևը, որին արդեն 46 կոնգրեսական է միացել, կոչ է Միացյալ Նահանգների նախագահին՝ ակտիվ և կառուցողական աշխատանք սկսել Հայաստանի և Թուրքիայի ղեկավարության հետ՝ երկկողմ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման նպատակով: Հատկանշական է, որ այդ հարաբերությունները պետք է հաստատվեն ԱՄՆ-ի աջակցությամբ միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի լիարժեք ճանաչման վրա հիմնվելով:

Կոնգրեսական Ֆրանկ Փալոնը նշեց, որ Հայոց ցեղասպանության պատմական փաստի լիարժեք ճանաչումը բարդ է, բայց՝ անխուսափելի. - «Ես համոզված եմ, որ դա անխուսափելի է: Ավելի ու ավելի մեծ թվով պետություններ են ողջ աշխարհում ճանաչում այդ փաստը, ավելին, հենց Թուրքիայի ներսում գիտնականներ, քաղաքական գործիչներ և հասարակ քաղաքացիներ սկսում են ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը»:

Նշենք, որ Վաշինգտոնում կա մեկ այլ մոտեցում, ըստ որի, Միացյալ Նահանգները պետք է Թուրքիային օգնի ինքնուրույն գիտակցել սեփական անցյալը:

Դեռ պարզ չէ, որ մոտեցումը կգերակշռի այս անգամ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG