Մատչելիության հղումներ

Վարչապետը և ԵՄ հանձնակատարը խոսել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր օրակարգի ձևավորման մասին


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության տեղեկատվության վարչությունը փոխանցում է, որ հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը ասել է՝ Հայաստանը պատրաստակամ է խթանելու Եվրամիության հետ փոխգործակցությունը բարեփոխումների շարունակականության ապահովման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, բիզնես միջավայրի բարելավման, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների և այլ բնագավառներում:

Յոհանես Հանը շեշտել է, որ Եվրոպական միությունը շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման, ամրապնդման գործում և հույս հայտնել, որ իր այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր օրակարգի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքների, էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ավիացիայի ոլորտում փոխգործակցության զարգացման, ԵՄ մուտքի վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունների վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են կատարել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- փոխանցում է պաշտոնական աղբյուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG