Մատչելիության հղումներ

Ուկրաինական Ռադայի ընդունած օրինագծից դժգոհ են Լավրովն ու անջատականները


Ուկրաինայի խորհրդարանը
Ուկրաինայի խորհրդարանը

Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որով հատուկ կարգավիճակ ստացած ռուս-անջատողականների վերահսկողության տարածքներն Ուկրաինայի հարավ-արևելքում բնորոշվում են զավթած։ Դոնեցկն ու Լուգանսկը նոր կարգավիճակ կստանան Ուկրաինայի օրենսդրության պահանջներով և միջազգային դիտորդների ներկայությամբ տեղի ունեցած ընտրություններից հետո։

Օրինագծի հիմնավորման տեքստում նշված է, որ Լուգանսկում և Դոնեցկում Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ տեղի են ունենում ահաբեկչություն, ռազմական հանցագործություններ և այլ ապօրինի գործողություններ: «Այդ գործողությունների հետևանքով ամեն օր զոհվում են զինվորականներ և Ուկրաինայի խաղաղ քաղաքացիներ»,- նշված է օրինագծի հիմնավորման տեքստում:

Ռադայի ընդունած օրինագծի կապակցությամբ դժգոհել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ասել՝ այդ օրինագիծը ոտքից գլուխ խառնել է կողմերի պայմանավորվածությունները ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ:

«Հիմա ամենակարևորն է խափանել այն խնդրահարույց, բարդ իրավիճակը, որն առաջացել է՝կապված Ուկրաինայի Գերագույն ռադա ներկայացրած նախագահի օրինագծի հետ, որը, ըստ էության, ոչ թե որոշում է սահմանները, թե որտեղ պետք է լինի ոչ միայն հատուկ կարգավիճակ, այլ փորձում է վերաձևակերպել այդ կարգավիճակը»,- բողոքել է Լավրովը և ավելացրել.- «Ոչ ոք չէր ստիպում ուկրաինացիներին պաշտոնապես ճանաչել ընտրությունների արդյունքները, բայց պետք է հարգանքով վերաբերեր այդ ամենին և կատարեր պայմանավորվածությունները: Դա նվազագույնն էր, որ պետք է աներ ուկրաինական իշխանությունը»:

Интерфакс-ի հաղորդմամբ, Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններում անջատականները Կիևից պահանջում են չեղյալ համարել հատուկ կարգավիճակի մասին օրենքը: «Դոնբասի հատուկ կարգավիճակ տալը մերժելով՝ Կիևը փշրեց փխրուն մինսկյան խաղաղությունն ու իրավիճակը փակուղի մտցրեց»,- հայտարարել են Դոնեցկի ու Լուգանսկի առաջնորդները: Նրանք զգուշացրել են, որ որևէ փոխզիջման չեն գնա, եթե այդ օրենքում փոփոխություններ չլինեն:

Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն պնդել է, որ օրենքի փոփոխության նախագծով վերականգնում են ուկրաինական ինքնավարությունն այդ տարածքում, և դա խաղաղ գործընթացի հիմնական նպատակն է:

Ռադայի պատգամավորների գերակշիռ մասը վստահ է, որ ընդունելով օրենքի փոփոխությունը՝ հավատարիմ են մնում Մինսկի համաձայնագրին: Ուկրաինացի պատգամավորները հատուկ կարևորությամբ են ընդգծում, որ զինյալների վերահսկողության տարածքում պետք է տեղի ունենան ժողովրդավարական ընտրություններ: Նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ այդ օրենքն ընդունելով՝ Կիևը փաստացի նոր սահման է գծում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: Տիմոշենկոն կասկածի տակ է դրել, որ զինյալների զավթած տարածքում առհասարակ կարող են լինել արդար ընտրություններ:

Ռուսական կողմի դժգոհությանն արժանացած ձևակերպումներից բացի, Ուկրաինայի նախագահը նաև Եվրամիության խորհրդից և Միացյալ ազգերի կազմակերպությունից հայցում է աջակցություն՝ խաղաղարարներ տեղակայելու հարցով: ՄԱԿ-ը քննարկում է առաջարկը, որոշումը պետք է կայացնի Անվտանգության խորհուրդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG