Արդարադատության նախարարությունում աշխատանքային հարաբերությունների քննարկումն ավարտվել է մարմնական վնասվածքներով։
Ծեծված բաժնի պետը դիմում է գրել և ազատվել աշխատանքից, իսկ նրա նկատմամբ բռնություն գործադրած ղեկավարը ծառայողական քննության արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել։ Այս մասին տեղեկացրեց նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։
Ծեծի ենթարկվածը՝ նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության բաժնի պետը պնդում է, որ իր վերադասը աշխատանքային հարաբերությունները պարզելու նպատակով վիրավորել է իրեն, ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցրել` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խայտառակություն է որակում ծեծը, այն էլ արդարադատություն իրականացնող կառույցում։
«Ինչի՞ համար է կոչված այս նախարարությունը, եթե նրա ներսում ծեծուջարդ կարող է տեղի ունենալ, և ինչպե՞ս կարող է հանրությունը վստահել այդ նախարարությանը։ Առանց այն էլ չկա այդ վստահությունը»,- ասաց Ալեքսանյանը։
Իրավապաշտպանի կարծիքով՝ սա տեղի է ունենում երկրում տիրող ամենաթողության պատճառով.- «Ում որտեղ պատահի ծեծում են, ինչքան ուզում են, ծեծում են, մեկին հայրենասիրական ապտակ են տալիս, մյուսին այլ հարվածներ են տալիս։ Ծեծը դարձել է Հայաստանի առօրյայի մի մասը։ Ծեծում են ու ծեծում են»։
Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով։ Այլ տեղեկություններ չեն հաղորդվում նախաքննության գաղտնիությունը պահելու համար։ Մինչդեռ իրավապաշտպանները թերահավատ են, որ արդարացի քննություն կանցկացվի։
Ավետիք Իշխանյանը հիշատակելով բազմաթիվ նմանօրինակ գործեր, որոնք կամ կարճվել են, կամ էլ անպատիժ թողել լիազորությունները չարաշահած պաշտոնյաներին, ասում է. - «Հայաստանում, ցավոք, իրավական տեսակետից անկախ մարմիններ չկան։ Նրանք ի պաշտոնե գործը հարուցում են, բայց եթե այդ պաշտոնյան ազդեցիկ է կամ շատ վերևից հովանավորություն կա նրա նկատմամբ, ապա Քննչական ծառայությունը անզոր է որևէ գործ մինչև վերջ հասցնելու։ Հիմա այս դեպքում, եթե Արդարադատության նախարարության այդ պաշտոնյան հզոր դեմք է, ապա ես վստահ եմ, որ այդ գործը կարճվելու է»։
Պետական պաշտոնյաների հետ կապված քրեական գործերը քննող Հատուկ քննչական ծառայությունը վերջին տարիներին նմանատիպ հատուկենտ գործերով է ավարտին հասցրել նախաքննությունը։ Տարիներ առաջ նույն Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը ծեծի էր ենթարկել իր ենթակային։ Այդ պատճառով Արդարադատության նախարարի պաշտոնից Գևորգ Դանիելյանը հեռացվեց, մինչդեռ Միհրան Պողոսյանը շարունակում է պաշտոնավարել մինչ օրս։ Ավելին, ամիսներ անց նախագահի հրամանագրով բարձրացվեց Պողոսյանի կոչումը։
«Հանրությունը մնում է այդ ծեծի հետ մեն-մենակ, դրանից դուրս է իրավապահ մարմինը»,- ասում է Ժաննա Ալեքսանյանը։