Մատչելիության հղումներ

Հակառակորդը խաղաղություն չի ցանկանում. Սեյրան Օհանյան


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր: Գյումրիի կայազորի զորամասեր էր այցելել, դրանցում առկա վիճակի հետ ծանոթացել:

Պաշտպանության նախարարը խոսեց սահմանում տիրող վիճակից, նշեց, որ հակառակորդը վերջին երկու տարիներին սահմանը լարվածության մեջ է պահում:

«Հակառակորդը որդեգրել է անընդհատ առաջին գիծը լարելու քաղաքականություն, որը մեզ համար անընդունելի է։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գոյություն ունի հակամարտություն, և Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը որդեգրել է այդ հակամարտության լուծման երկխոսության, խաղաղ և քաղաքական ճանապարհ։ Ցավոք, հակառակորդը դա չի ցանկանում և մենք ստիպված ենք լինում պարբերաբար բանակի մարտունակության, բանակի մարտունակ գործողություններով նրանց զերծ պահել այդպիսի ոտնձգություններից»,- ասաց Օհանյանը։

Նախարարը բանակի ձեռքբերումներից խոսեց, չշրջանցեց նաև բացթողումները, հատկապես միջանձնային հարաբերություններով պայմանավորված գրանցվող դեպքերին անդրադարձավ:

«Երբ վերլուծում ենք, թե ինչն է պատճառը, որ միջանձնային հարաբերություններում դեռևս կան խախտումներ, դա անհանդուրժողականության մթնոլորտն է։ Այս վատ հատկանիշն է, որ որոշ դեպքերում հանգեցնում է հանցագործությունների։ Իսկ անհանդուրժողականության հիմքում ընկած են արատավոր բարքերը, ասենք, մականունները, հայհոյանքները, ծեծը, վիրավորանքները, փողոցային գողական խոսակցությունները, կեղծ հայհոյանքների տակ պարտավորված լինելը, որ մենք փորձում ենք վերացնել։ 2014 թվականին միջանձնային հարաբերությունների պատճառով հանցագործությունների հիմքով մահվան ելքով դեպքերը 60 տոկոսով Հայաստանի Հանրապետությունում կրճատվել են»,- ասաց նախարարը։

Սեյրան Օհանյանը շիրակցի 10 ժամկետային զինծառայողների 5-օրյա արձակուրդ տրամադրեց, նրանց մայրերին էլ պարգևատրեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG