Մատչելիության հղումներ

«Եվրանեսթ» ԽՎ չորրորդ նիստի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ


Լուսանկարը՝ Ազգային ժողովի լրատվականի
Լուսանկարը՝ Ազգային ժողովի լրատվականի

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նիստի մասնակիցներն այսօր Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի և ԱԺ պատգամավորների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն փոխանցմամբ՝ մասնակիցները ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին և լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Եվրախորհրդարանի անդամ, Լատվիան ներկայացնող Տատյանա Ժդանոկան ասել է, թե ուսանողական տարիներին է լսել Հայոց ցեղասպանության մասին։ Նա նշել է, որ այստեղ մարդը համակվում է զայրույթով ու ցասումով և մտածում՝ ինչպես կարելի է մոռանալ Աստծո պատվիրանը՝ սիրիր մերձավորիդ:

Տատյանա Ժդանոկան նշել է նաև, որ Ռիգայում տեղադրված է Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքար-հուշարձան, որի մոտ ամեն տարի ապրիլի 24-ին Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ իրենք էլ հարգանքի տուրք են մատուցում զոհերի հիշատակին։

Եվրախորհրդարանի պատգամավոր, Չեխիան ներկայացնող Յարոմիր Շտետինան նշել է, որ բազմիցս եղել է Հայաստանում և ամեն անգամ այցելել է Ծիծեռնակաբերդ։ Եվ քանի որ կիսում է հայ ժողովրդի վիշտն ու ցավը, պատրաստ է աջակցել Հայոց ցեղասպանությանն ճանաչմանն առնչվող որոշումներին ու փաստաթղթերին:

Նա իր գոհունակությունն է հայտնել Եվրոպայի Ժողովրդական կուսակցության՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG