Մատչելիության հղումներ

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիր է պատրաստվում


ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիր է պատրաստվում
please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00

«Եվրանեսթ»-ի համանախագահի խոսքով, դա չի լինի Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, այլ Եվրոպան ՀՀ-ին կաջակցի մարդու իրավունքների, ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։

Հայաստան-Եվրամիություն համագործակցության շուրջ խորհրդակցությունները եզրափակիչ փուլում են, այսօր «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հանձնաժողովի նիստին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Հայաստանը պատրաստ է բոլոր ձևաչափերով, հնարավոր ոլորտներով և ուղղություններով շարունակել Եվրամիության հետ համապարփակ համագործակցությունը՝ նկատի ունենալով մեր պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում», - ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Եվրամիության հետ պատրաստվող նոր համաձայնագիրը ներառելու է այն ոլորտները, որոնք չեն հակասում Եվրասիական միությանը։

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Հեյդի Հաուտալան «Ազատության»-ը ասաց, որ համագործակցություն հնարավոր է մարդու իրավունքների, ժողովրդավարության, անկախ դատական համակարգ ունենալու, ինչպես նաև տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար։

«Նոր համաձայնագիրը, որը քննարկվում է, Ասոցացման համաձայնագիր չէ, այն յուրահատուկ համաձայնագիր է, որը, իմ տվյալներով, անգամ անուն դեռ չունի։ Մենք պետք է հասկանանք՝ ինչի կարիք ունի Հայաստանը։ Համաձայնագրի կնքման համար վերջնաժամկետ չկա, բայց, իհարկե, պետք է ինտենսիվ բանակցություններ տարվեն», - ասաց Հաուտալան։

Եվրապաշտոնյաները հայտարարում էին, որ Հայաստանը պետք է հավատարիմ մնա եվրոպական ուղղությանը, բայց առավելապես դիվանագիտական բառապաշար էին օգտագործում։ Տարբերվող էր հասարակական կազմակերպություններ ներկայացնող Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկիի ելույթը. նա քննադատեց Հայաստանում անցկացվող ընտրությունները և նշեց, որ, շատ դեպքերում, դիտորդները աչք են փակել խախտումների վրա։

«Երբ որ պատգամավորները չեն ընտրվում ազատ ընտրությունների արդյունքում, նրանք չեն կարող զբաղվել օրինաստեղծ աշխատանքով, և, հետևաբար, նրանց ընդունած օրենքները չեն կարող լինել կատարյալ և արդարացի։ Պետք է պահպանեք եվրոպական արժեքները և քաղաքական խաղեր չխաղաք ընտրությունների հետ։ Հիշե՛ք, որ Եվրամիության ժողովրդավարական հաստատությունների արժանահավատությունն ու նրանց հանդեպ վստահությունն է դրված սեղանին», - ասաց Քշիշտոֆ Բոբինսկին։

Լեհ համանախագահը կտրուկ էր նաև Եվրասիական տնտեսական միությանը միանալու՝ Սերժ Սարգսյանի որոշման հարցում։ Նրա պնդմամբ՝ Հայաստանը անդամակցեց ԵՏՄ-ին միայն Ռուսաստանի տված անվտանգության երախշիքների պատճառով, բայց, ըստ Բոբինսկիի, դրանք չեն գործում։ Նա կոչ արեց Հայաստանին՝ վերանայել իրավիճակը։

«Ես հասկանում եմ, երբ Սերժ Սարգսյանն այդ որոշումը կայացրեց, նրան վստահեցրել էին, որ Հայաստանի անվտանգությունը բարելավվելու է, եթե նա չստորագրի Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ։ Բայց, կարծում եմ, փաստ է, որ Հայաստանի անվտանգությունը չի բարելավվել, ուշադրություն դարձնելով Ադրբեջանի հետ սահմանին, ակնհայտ է, որ վիճակը վատթարանում է, այլ ոչ հակառակը», - ասաց Բոբինսկին։

Հայկական կողմում այս տեսակետը չեն կիսում. Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արտակ Զաքարյանը հակադարձեց՝ Եվրասիական միությունը նաև տնտեսական միություն է, որի օգուտները առաջիկայում կերևան։

«Տնտեսական նշանակություն ունեցող որոշում էր կապված տնտեսական շահերի հետ և, բնականաբար, անվտանգային միջավայր ամրապնդելու հետ։ Դրանով պայմանավորված՝ մենք ասում ենք, որ այն ռազմավարական նշանակություն ուներ, իսկ ինչ վերաբերվում է, որ համեմատել կամ ասել, որ չարդարացավ, դա ճիշտ չէ, որովհետև մեր սահմաններին կրակում էին դեռ երեք տարի առաջ էլ, տասը տարի առաջ էլ», - ասաց Զաքարյանը։

Ի դեպ, օրերս արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, ալովենական «Dnevnik» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր՝ Հայաստանը կնախընտրեր, որ Ռուսաստանը զենք չվաճառեր Ադրբեջանին։ Այսօր «Ազատության» հարցին, թե արդյո՞ք այս մտահոգությունը բարձրացվել է նաև ռուս պաշտոնյաների հետ հանդիպումներում, և արդյո՞ք արձագանք եղել է, Նալբանդյանը պատասխանեց. - «Անիմաստ հարցեր եք դուք տալիս»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG