ՀՀ առողջապահության նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի 6 անձ բրուցելոզ հիվանդության բնորոշ ախտանշաններով դիմել են բժշկական օգնության: Համապատասխան մասնագետների կողմից տեղում կազմակերպված և իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է ևս 11 հիվանդ: Ինչպես նաև պարզվել է, որ դեպքերը կապված են մասնագիտական գործունեության հետ:
Այժմ Կապան քաղաքի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացված է 15 հիվանդ (ընդամենը հայտնաբերվել է 17 հիվանդ, որից 2-ը դուրս են գրվել): Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, կազմակերպվել է անհրաժեշտ բուժում, հիվանդներն ապահովված են դեղորայքով և ունեն առողջացման դրական տեղաշարժ:
Դեպքերի վերաբերյալ անհապաղ տեղեկատվություն է տրամադրվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Ճշտվում է այն անձանց ցանկը, ովքեր առնչություն են ունեցել հնարավոր վարակված կենդանիների և դրանց մսեղիքի հետ։