118 տարի առաջ՝ 1897 թվականի մարտի 13-ի Կարսի պատվական ընտանիքներից մեկում՝ գորգագործ Աբգար աղայի ծնված տանը ծնված փոքրիկ տղային բախտ էր վիճակված ոչ միայն մեր մեծագույն բանաստեղծներից մեկը լինել, այլև իր ապրած կարճատև 40 տարիների ընթացքում հիմնովին շրջել թե հայ գրականության ընթացքը, թե գրականության մասին հայ մարդու պատկերացումները։
Ամեն տարի Եղիշե Չարենցի ծննդյան օրը ավանդույթ է դարձել` բանաստեղծի ժառանգները, նրա տուն-թանգարանի աշխատակիցները, Գրողների միության անդամները, Չարենցի անվան դպրոցի աշակերտների հետ միասին ծաղիկներ են դնում անշիրիմ բանաստեղծի հիշատակին կառուցված հուշահամալիրին։
Ստալինյան բռնաճնշումներին զոհ դարձած բանաստեղծի ծննդյան օրը ընդունված է առավել պայծառ շեշտադրումներով անցկացնել։ Չարենցի արվեստի երկրպագուները արտասանում են նրա բանաստեղծությունները, հիշում նրա պոեզիան։
«Հրաշալի մեծություն... մենք մեզ պիտի շնորհավորենք նրա ծննդյան օրվա առթիվ»,- ասում էր Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։
«Նա միշտ բարձրացնում էր Հովհաննես Թումանյանի բացառիկ դերակատարությունը, Մեծարենցի, Տերյանի զուգահեռներում ընդգծում էր Թումանյանի վեհությունը, իսկ հիմա Չարենցը ինձ համար այսօր աստիճանաբար նվաճում է այն տեղը, ինչ ինքը վերապահում էր Հովհաննես Թումանյանին»,- ասում էր գրականագետ Սուրեն Դանիելյանը։
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի գիտաշխատող, Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցն էլ շեշտում էր՝ շատ ուրախալի է, որ հենց դպրոցական երեխաներն են ամենաշատը այցելու թանգարան այսօր։