«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատողների և Էներգետիկայի նախարարի միջև այսօր կայացած հանդիպումից հետո նաիրիտցիները դարձյալ անհույս են չվճարված աշխատավարձը ստանալու հարցում և վաղվանից կվերսկսեն իրենց բողոքի ակցիաները։
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասել է, որ փորձում են գործարանի քացախաթթվի արտադրամասի գույքը հնարավորինս արագ վաճառել։ Միաժամանակ, ԱՊՀ միջպետական բանկի հետ բանակցություններ են ընթանում՝ վարկ ստանալու և աշխատավարձի մոտ 550 միլիոն դրամի պարտքը վճարելու համար։
«Բայց թե ե՞րբ կվաճառվի գույքը, կամ ե՞րբ կավարտվեն բանակցությունները, արդյունք կունենա՞ն արդյոք այդ բանակցությունները՝ հայտնի չէ։ Այսինքն, ժամանակացույց ներկայացնելու մեր պահանջը դարձյալ մնաց չկատարված», - «Ազատությանն» ասաց «Նաիրիտի» բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը։
Վաղն առավոտյան նաիրիտցիները կրկին կհավաքվեն նախագահականի դիմաց։
«Մարդիկ հացի խնդիր ունեն լուծելու։ Մենք երևի պետք է դիմենք նախագահին, որպեսզի պատասխանատվություն վերցնեն որպես պետություն։ Բյուջեից կամ վարկային միջոցներից վճարեք մեր աշխատավարձերը, հետո արդեն գույքի վաճառքից կամ ակնկալվող այլ միջոցներից վերականգնեք այդ ծախսերը։ Հակառակ դեպքում ստացվում է, որ մենք կարող ենք տարիներով սպասել հարցի լուծմանը», - ավելացնում է Անուշ Հարությունյանը։
Հիշեցնենք, փետրվարի 6-ին մեկ տարվա աշխատավարձի պարտքով աշխատանքից ազատվեց գործարանի 1700 աշխատակից։ Ավելի ուշ «Նաիրիտ»-ի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը գնահատելու համար Համաշխարհային բանկը ուսումնասիրություն սկսեց գործարանում։ Այն դեռ ընթացքի մեջ է։ Համաշխարհային բանկը հայտարարել էր, որ մտադիր է Հայաստանին 110 հազար դոլարի դրամաշնորհ տրամադրել։ Վերլուծությունները և հիմնական գնահատականները տրամադրվելու են Հայաստանի կառավարությանը, որպեսզի վերջինը գործարանի ապագայի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնի: