Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոյի խոսքով՝ ակնկալվում է, որ այսօր Կիևը կստանա Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից հատկացվելիք 5 միլիարդ դոլար առաջին տրանշը՝ հակաճգնաժամային նոր քառամյա ծրագրի շրջանակում։
Նախարարը նշել է, որ 5 միլիարդից 2.8-ը կփոխանցվի Կառավարությանը, իսկ 2.2 միլիարդ դոլարը կտրվի Կենտրոնական բանկին՝ ազգային արժույթը կայունացնելու համար։
Ուկրաինական հրիվնան դոլարի համեմատ արժեզրկվել է մոտ երկու երրորդով՝ կապված երկրի հարավ-արևելքում հակամարտության հետ։
Ըստ Յարեսկոյի, տարեվերջին Կիևը սկսելու է պետությանը պատկանող 3 հազար 300 ընկերությունների սեփականաշնորհման ծրագիր։
Ուկրաինային 17.5 միլիարդ դոլարի աջակցության քառամյա ծրագիրը ԱՄՀ-ն հավանության արժանացրեց մարտի 11-ին։